Նորություններ Կարմիր խաչից՝ Հակոբ Ինջիղուլյանի մասին

Այսօր՝ նոյեմբերի 21-ին, Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) երևանյան գրասենյակի ներկայացուցիչն ընդունել է ռազմագերի Հակոբ Ինջիղուլյանի հարազատներին՝ հաստատելով, որ Հակոբը երրորդ երկիր տեղափոխվելու դիմում է ներկայացրել, տեղափոխման իրականացումն էլ կտևի շուրջ մեկ տարի:

Հակոբի եղբայր Հարություն Ինջիղուլյանը հայտնեց Ռազմինֆոյին. «Մեզ հրավիրել էին, որպեսզի մեր հերթական նամակը տայինք Հակոբին փոխանցելու համար: Կարմիր խաչի ներկայացուցիչը հայտնեց, որ Հակոբը արդեն գրավոր դիմում է ներկայացրել, ուզում է գնալ երրորդ երկիր, այդպես են ասել Բաքվի գրասենյակից»:

Նշենք, որ ԿԽՄԿ ներկայացուցիչը հայտնել էր նաև՝ նախորդ, թվով երրորդ նամակը փոխանցելիս ԿԽՄԿ Բաքվի գրասենյակի ներկայացուցիչները նկատել են, որ Հակոբը չափազանց մոտ է պահել նամակը, որ կարդա: Հարցրել են. «Ունե՞ս արդյոք տեսողության խնդիր, մինչև հիմա ակնոց կրե՞լ ես»: Հարություն Ինջիղուլյանի խոսքերով՝ Հակոբը պատասխանել է. «Այո՛, կրել եմ, հիմա չունեմ»:

Բաքվի ԿԽՄԿ գրասենյակը դիմել է Ադրբեջանի պատկան մարմիններին, որ հարցը լուծեն և ակնոց տրամադրեն, սակայն ի պատասխան՝ ասել են. «Եթե դրա կարիքը լինի, կարվի»:

Հարազատները խնդրել են նաև Հակոբի հետ հեռախոսազրույց կազմակերպել: ԿԽՄԿ-ից պատասխանել են՝ իրենք խնդիր չեն տեսնում, սակայն արգելք են հանդիսանում Ադրբեջանի իշխանությունները:

Հարություն Ինջիղուլյանը տեղեկացրեց, որ մոտ օրերս կկայանա ԿԽՄԿ ներկայացուցիչների հերթական հանդիպումը Հակոբի հետ, որի ժամանակ նրան կփոխանցվեն ընտանիքից ուղարկված նամակները և իրենից էլ ընտանիքին նամակ կտրվի: Հանդիպումից էլ պարզ կլինի՝ Հակոբին ակնոց տրամադրել են, թե ոչ:
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 28-ին ՀՀ Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցում պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը նշել էր, որ միջնորդավորված կերպով քայլեր են ձեռնարկվում ռազմագերի Հակոբ Ինջիղուլյանին Հայաստան վերադարձնելու համար։

Հավելենք, որ օգոստոսի 7-ի լույս 8-ի գիշերը ժամը 3:00-ի սահմաններում ծառայությունն իրականացնելու ժամանակ տեղանքում չկողմնորոշվելով՝ 1991 թվականին ծնված շարքային Հակոբ Գևորգի Ինջիղուլյանը հատել էր հայ-ադրբեջանական շփման գիծը և հայտնվել հակառակորդի տարածքում։

Թեպետ հայկական կողմը բազմիցս պաշտոնապես հայտնել է, որ Հակոբ Ինջիղուլյանին Հայաստանում որևէ պատիժ չի սպառնում, Բաքուն շարունակում է պնդել, որ նա իբր չի ցանկանում վերադառնալ Հայաստան և նախընտրում է տեղափոխվել երրորդ երկիր։

2 responses to “Նորություններ Կարմիր խաչից՝ Հակոբ Ինջիղուլյանի մասին

  1. Pingback: Ամեն ինչ լավ կլինի, դիմացեք մի կարճ ժամանակ էլ. Ինջիղուլյանի նամակից | Hetaqrqrire.com

  2. Pingback: ԵԼՔ լրատվական

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *