Եգիպտոսը ստացել է ամերիկյան արտադրության առաջին հրթիռային կատերը

Սինգապուրյան «VT Halter Marine» ընկերությունը Միսսիսիպի նահանգում ավարտել է «Ambassador III» նախագծի առաջին հրթիռային կատերի՝ «Ս. Էզզատ»-ի կառուցումը (կողային համարը «682») և հանձնել Եգիպտոսի ռազմածովային ուժերին։ Այս մասին հայտնում է «Defense News» պարբերականը։

Նավի հանձնման արարողությունը ԱՄՆ ավիաբազայում անցկացվել է նոյեմբերի 20-ին։ Ընդհանուր առմամբ, Եգիպտոսին է փոխանցվելու «Էզզատ» տեսակի 4 կատեր։

Այժմ Պասկագուլ նավաշինարանում ընթանում է երկրորդ նավի շինարարությունը, որը Եգիպտոսի ՌԾՈւ-ում կստանա «Ֆ. Զեկրի» անունը։ Այս նավի փոխանցումը նախատեսված է ընթացիկ տարվա դեկտեմբեր ամսին։ Իսկ ահա 2014 թվականին Եգիպտոսին կհանձնվի մյուս 2  նավը։

3 նավ տրամադրելու մասին պայմանագիր Եգիպտոսի ռազմածովային ուժերը կնքել են 2009 թվականին։ Մեկ տարի անց եգիպտական իշխանությունները պատվիրեցին հավելյալ ևս մեկ նավ։ Պայմանագրի արժեքը կազմում է 807 մլն դոլար։ Նավերի շինարարությունն ընթանում էր ուշացումներով։ Պատճառը անկայուն ֆինանսավորումն էր, որը տրամադրում էր ԱՄՆ-ն՝ որպես ռազմական օգնություն Եգիպտոսին։

2013 թվականի հուլիսին ԱՄՆ իշխանությունները որոշ ժամանակով դադարեցրին Եգիպտոսին տրամադրվող ռազմական օգնությունը և պայմանագրերի կատարումը։ Մասնավորապես, ԱՄՆ-ն հրաժարվեց աֆրիկյան այդ երկրին փոխանցել F-16 Fighting Falcon կործանիչներ, AH-64D Apache հարվածային ուղղաթիռներ և M1A1 Abrams տանկեր։ Պատժամիջոցը ԱՄՆ-ն կիրառեց, երբ Եգիպտոսում նախագահ Մուհամմեդ Մուրսիի՝ զինվորականների միջամտությամբ պաշտոնանկությունից հետո սկսեց կազմավորվել նոր կառավարություն։ Հենց այդ ժամանակ էլ նավի փոխանցման հարցը հարցականի տակ էր դրվեց։

Նավը սպառազինված է 76 մմ տրամաչափի հրետանային համակարգով, 21 միավոր RIM-116 զենիթային հրթիռների արձակման կայններով, Phalanx զենիթային հրետանային համալիրով, 2 միավոր 7,62 մմ տրամաչափի գնդացիրներով և Harpoon տեսակի հականավային թևավոր հրթիռներwվ։ Կատերը կարողանում է զարգացնել 76 կմ/ժ արագություն։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *