Թուրքիայում որոշել են հաջորդ տարի զգալի ավելացնել պետական բյուջեից անվտանգության, պաշտպանական և հետախուզական ոլորտներին տրամադրվող գումարը։ Այսպես, 2014 թվականին պետբյուջեից վերոնշյալ ոլորտներին կտրամադրվի 9.4 տոկոս ավել գումար, քան 2013 թվականին։
Հայտնի է, որ 2013 թվականին Թուրքիայի իշխանությունները անվտանգության, պաշտպանական և հետախուզական գերատեսչություններին հատկացրել են 45.3 մլրդ թուրքական լիրա (շուրջ 22.6 մլրդ ամերիկյան դոլար)։ Իսկ ահա Թուրքիայի ֆինանսների նախարարությունը 2014 թվականի բյուջեով վերոնշյալ ոլորտներին հատկացրել է 49.6 մլրդ թուրքական լիրա (24.65 մլրդ ամերիկյան դոլար)։
Հայտնի է նաև, որ Թուրքիայի պաշտպանության նախարարությունը ստանալու է 21.8 մլրդ թուրքական լիրա (շուրջ 10.9 մլրդ ամերիկյան դոլար)։ 2013 թվականին պաշտպանական գերատեսչությունը ստացել էրն 20.3 մլրդ թուրքական լիրա, որը հավասար է շուրջ 10.1 մլրդ ամերիկյան դոլարի։
Ըստ «Ջեյնս» ռազմական հանդեսի տեղեկությունների՝ թուրքական կառավարությունը պաշտպանական բյուջեի ավելացումը պատճառաբանել է Սիրիայից հնարավոր վտանգով, ինչպես նաև «Քրդստանի աշխատավորական կուսակցության» (PKK) դեմ պայքարով, թեև 2013 թվականի մայիսից թուրքական բանակն ու քրդական կազմակերպությունը հրադադարի ռեժիմ են պահպանում։