Պակիստանում հոգևոր ուսումնարանը հրթիռակոծվել է հավանաբար ամերիկյան ԱԹՍ-ից

Ենթադրաբար ԱՄՆ-ին պատկանող անօդաչու թռչող սարքը նոյեմբերի 21-ին օդային հարվածներ է հասցրել Պակիստանի հյուսիս-արևմուտքում տեղակայված իսլամական հոգևոր ուսումնարանի շենքին։ Շենքի ուղղությամբ նվազագույնը 3 հրթիռ է բաց թողնվել։

Ինչպես հաղորդում է «Ռոյթերս» գործակալությունը, հղում տալով Պակիստանի ոստիկանության հայտարարությանը, հրթիռակոծման հետևանքով մահացել են 2 ուսուցիչ, 3 աշակերտ։ Տուժածների մասին տվյալներ չեն հաղորդվում։

Այս պահի դրությամբ ԱՄՆ-ն պաշտոնապես չի արձագանքել։

«Ռոյթերսը», մեջբերելով ԱՄՆ հետախուզական վարչության սեփական աղբյուրների տեղեկությունները, գրում է, որ հրթիռակոծումից երկու օր առաջ հոգևոր վարժարանում նկատել են ահաբեկիչ Սիրաջուդդին Հաքքանիին։

Հավելենք, որ ԱԹՍ-ից օդային հարվածներ հասցնելու միջադեպը գրանցվել է Պակիստանի ԱԳՆ-ի հայտարարությունից մեկ օր հետո։

Արտգործնախարար Սարդաջ Ազիզը հայտարարել էր՝ ԱՄՆ-ն խոստացել է հրաժարվել ԱԹՍ-ներից հարձակումներ իրագործելուց թալիբների ու կառավարության բանակցությունների փուլում։ Վաշինգթոնն այս տեղեկությունը չէր հաստատել։

Պակիստանի կառավարության տվյալներով՝ հոկտեմբերի վերջի դրությամբ՝ վերջին 5-6 տարիների կտրվածքով, երկրում ԱՄՆ-ի իրականացրած ավիահարվածների զոհ է դարձել 2227 հոգի, որոնց թվում են 67 խաղաղ բնակիչ։

Նկատենք, որ Պակիստանի մի շարք ՀԿ-ներ ու իրավապաշտպան կազմակերպություններ բողոքել են կառավարության հրապարակած այս թվերի դեմ՝ փաստելով, որ դրանք զգալիորեն նվազեցված են։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *