Բաղդադում հերթական ահաբեկչություններ են գրանցվել. կա 33 զոհ

Բաղդադում նոյեմբերի 20-ին ահաբեկչությունների շարք է գրանցվել, որոնց զոհ է դարձել նախնական տվյալներով 33 հոգի, վիրավորվել է 70-ը: Ահաբեկչությունների մեծ մասը շիաներով բնակեցված թաղամասերում է եղել:

Լուսանկար՝ Բաղդադի պայթյունի վայրից

Լուսանկար՝ Բաղդադի պայթյունի վայրից

Ինչպես հաղորդում է AFP լրատվական գործակալությունը, զինյալներն ահաբեկչություն իրագործել են մի քանի վայրերում ականապատ ավտոմեքենաների պայթեցման, մյուս տեղերում էլ՝ հրաձգության տեսքով:

Ուժային կառույցների ներկայացուցիչները շրջափակել են դեպքի վայրերը՝ արգելելով տեսանկարահանում և լուսանկարահանում կատարել, ինչպես նաև խոչընդոտելով լրագրողների մուտքը:

Ներկա դրությամբ ահաբեկչությունների պատասխանատվությունը որևէ խմբավորում չի ստանձնել: Այնուհանդերձ, Բաղդադում այսպիսի գործողությունների ձեռագիր ունի «ալ Կաիդան» կամ դրա հետ առնչվող խմբավորումները:

Նկատենք, որ 2013-ի նոյեմբերի սկզբից մինչ օրս Բաղդադում ահաբեկչությունների զոհ է դարձել 300 հոգի: 2008-ից սկսած՝ վերջին շրջանի ահաբեկչություններն ամենախոշորն են Իրաքի պատմության մեջ:

Հիշեցնենք, որ Իրաքի կառավարությունը դիմել էր ԱՄՆ-ին՝ հետախուզական ու սպառազինական օգնության հայցով, որպեսզի պայքար ծավալի հիմնականում սուննի զինյալների դեմ: Վերլուծաբանների տեսակետների համաձայն՝ գարնանն անցկացվելիք նախագահական ընտրությունների օրվա մոտալուտ լինելու հետ միասին ավելանալու է նաև ահաբեկչությունների թիվը:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *