Չինաստանի պաշտպանության նախարարությունը սպառազինության է ընդունել նոր անվավոր ինքնագնաց հրետանային համակարգ։ Ինքնագնաց համակարգին տրվել է ZBL-09 անվանումը։ Չհաստատված տվյալներով`105 մմ տրամաչափի թնդանոթով սպառազինված տեխնիկան համալրել է Ցզինանի ռազմական շրջանի 162-րդ մեխանիզացված հետևակային դիվիզիայի 54-րդ բանակային խումբը։ Այս մասին տեղեկացնում է «Ջեյնս» ռազմական հանդեսը։
Նոր ինքնագնաց հրետանային համակարգը ստեղծվել է ավելի վաղ Չինաստանի սպառազինության կազմում հայտնված ZBD-09 հետևակի մարտական մեքենայի հիմքի վրա՝ 8×8 ընթացամասով։ Ղեկավարման հանգույցը վարորդի աշխատանքային տեղով առջևում է, մարտական հանգույցն ու աշտարակը՝ միջնամասում, իսկ շարժիչի հանգույցը՝ հետևի մասում։ Ինքնագնաց հրետանային համակարգի թնդանոթն ունի ջերմամեկուսիչ պատյան և փողային արգելակ։
Ենթադրվում է, որ ZBL-09 համակարգը կարողանալու է կրակ վարել ինչպես սովորական արկերով, այնպես էլ լազերային նշանառության GP2 հակատանկային հրթիռներով։ Տեխնիկան հագեցած է նաև 7.62 մմ տրամաչափի գնդացրով, իսկ ահա աշտարակի վրա տեղադրված է 12.7 մմ տրամաչափով գնդացիր։ Աշտարակի երկու կողմերից դրված են 6-ական 76 մմ տրամաչափի նռնականետներ։ Համակարգը ջրում շարժվելու հնարավորություն ունի։