ՌԴ զինված ուժերը 2013-ի վերջին կարող են ստանալ ևս 2 Ս-400 զենիթահրթիռային համալիր։ Ընդ որում, հայտարարվել է, որ այս անգամ դրանք ԶՈւ-ին տրամադրելու են ոչ թե առանձին բաղադրիչների, այլ միանգամից ամբողջական համակարգի տեսքով։
Ինչպես հաղորդում է «Ռիա Նովոստի» լրատվական գործակալությունը, «Ալմազ-Անտեյ» ՀՕՊ կոնցերնի գլխավոր տնօրեն Վլադիսլավ Մենշչիկովը հայտարարել է՝ բացի Ս-400-ներից, ներկայումս ընթանում են նոր զենիթահրթիռային համալիրի ստեղծման աշխատանքները։
Հիշեցնենք, որ դեռևս 2013-ի սեպտեմբերին «Ալմազ-Անտեյի» գլխավոր կոնստրուկտորական բյուրոյի գլխավոր տնօրեն Վիտալի Նեսկորոդովը հայտարարել էր՝ ՌԴ ԶՈւ-ն, սկսած 2014-ից, 2-3 խմբաքանակով ստանալու է Ս-400 ԶՀՀ-ներ։ Դրանց տրամադրումն իրականացվելու է 2011-2020 պետական սպառազինության ծրագրի շրջանակներում։
Հավելենք, որ Ս-400-ներով զինված առաջին գունդը մարտական հերթապահության է անցել 2007-ին։ Այն տեղակայված է Էլեկտրոստալ քաղաքի մերձակայքում։
Ըստ պաշտոնական տվյալների՝ ՌԴ ԶՈւ-ում կազմավորվել են Ս-400-ների 5 գնդեր, երկուսը՝ Մոսկվային կից, մեկական՝ Բալթյան ու Խաղաղօվկիանոսյան նավատորմերում, մեկը՝ Հարավային ռազմական օկրուգում։ Յուրաքանչյուր գնդի կազմում են երկու դիվիզիոն Ս-400-ներ՝ յուրաքանչյուրը 8 արձակման կայանով։
2011-2020 թթ. պետական սպառազինության ծրագրի շրջանակներում նախատեսվում է 28 Ս-400 համակարգերի գնում։