Իտալիայի ռազմաօդային ուժերի հրամանատարությունը պայմանագիր է կնքել իտալական Ալենիա Աերմակի (Alenia Aermacchi) ընկերության հետ՝ 6 միավոր C-27J Spartan բեռնատար ինքնաթիռի՝ կրակային աջակցման ինքնաթիռի վերափոխման վերաբերյալ:
Վերափոխման արդյունքում բեռնատար ինքնաթիռը դառնալու է կրակային աջակցման MC-27J Pretorian (Փրիթորիան) ինքնաթիռ: Իտալական ՌՕՈւ ավիապարկում ընդհանուր առմամբ առկա է 6 միավոր Սպարտան ինքնաթիռ, որոնցից 3-ի վերափոխումը նախատեսվում է ավարտել մինչև 2016-ը:
Վերափոխված ինքնաթիռները կուղարկվեն Աֆղանստան՝ փորձարկումների անցկացման համար, որոնց արդյունքների հիման վրա էլ Իտալիայի ՌՕՈւ-ն կներկայացնի այն հիմնական պահանջների ցանկը, որոնք պետք է ակնկալվեն Փրիթորիանից:
Թե որքան կարժենա ինքնաթիռների վերափոխումը, դեռ հայտնի չէ:
Ինչպես հայտնում է Defence News ռազմական լրատվակայքը, իտալական Ալենիա Աերմակի ընկերությունն ինքնաթիռների վերափոխման ծրագիրը մշակել է ամերիկյան ATK ընկերության հետ համատեղ: Վերափոխման արդյունքում ինքնաթիռների վրա նախատեսվում է տեղադրել լրացուցիչ սենսորներ, ռադիոտեղորոշիչ կայաններ, կապի համակարգեր և թնդանոթ: Իսկ թե վերջնական տարբերակով տեխնիկական ինչ համալրում կստանա վերափոխված ինքնաթիռը, կհաստատվի իտալական ՌՕՈւ հրամանատարությունը:
Նշենք, որ իտալական Ալենիա Աերմակի ընկերությունը է MC-27J ինքնաթիռների վերափոխմամբ զբաղվում է 2011-ից: Դեռ այդ ժամանակ հաղորդվում էր, որ վերափոխման արդյունքում ինքնաթռիը կարող է համալրվել հետախուզական և հսկման համակարգերով, ինչպես նաև AGM-114 Hellfire (Հելֆայր) դասի «օդ-մակերևույթ» հրթիռներով, կառավարվող ռումբերով և 30 մմ տրամաչափի թնդանոթով:
Սպառազինության բոլոր բաղադրիչները տեղադրվելու են այնպիսի եղանակով, որ անհրաժեշտության դեպքում հնարավոր լինի դրանք հանել և սեղմ ժամկետներում ինքնաթիռը կրկին հետ վերափոխել բեռնատարի:
C-271 բեռնատար ինքնաթիռն ունակ է զարգացնել 602 կմ/ժ արագություն, իսկ թռիչքի առավելագույն հեռավորությունը 4300 կմ է: Ինքնաթիռը կարող է տեղափոխել մինչև 60 զինծառայող կամ 11.5 տոննա բեռ: