ԱՄՆ-ն համաձայնել է երկարաձգել Փեթրիոթների տեղակայումը Թուրքիայում

ԱՄՆ համաձայնել է ևս 1 տարի ժամկետով երկարաձգել «Փեթրիոթ» հակաօդային պաշտպանության կայանների 2 մարտկոցի տեղակայումը Թուրքիայում։ Համապատասխան հայտարարությունն արել է Միացյալ Նահանգների պաշտպանության նախարար Չաք Հեյգելը, ով նոյեմբերի 18-ին հանդիպում է ունեցել այցով ԱՄՆ ժամանած Թուրքիայի արտաքին գործերի նախարար Ահմեթ Դավութօղլուի հետ։

Փեթրիոթ ՀՕՊ համակարգերը Թուրքիայում

Փեթրիոթ ՀՕՊ համակարգերը Թուրքիայում

Ներկայում Թուրքիայում տեղակայված է «Փեթրիոթ» զենիթահրթիռային համալիների 6 մարտկոց։ Երկուական մարտկոց Թուրքիային են տրամադրել Նիդեռլանդները, Գերմանիան և Միացյալ Նահանգները ՆԱՏՕ-ի որոշմամբ, որին Անկարան դիմել էր ՀՕՊ համակարգերի խնդրանքով՝ Սիրիայից հնարավոր վտանգին դիմակայելու համար։

«Փեթրիոթ» կայանները Թուրքիայի տարածքում էին տեղակայվել 2013 թվականին հունվար և փետրվար ամիսներին մեկ տարի ժամկետով։ Առաջիկայում դրանց տեղակայման ժամկետը լրանալու է, ինչի համար էլ Անկարան կրկին դիմել է ՆԱՏՕ-ին՝ դրանց ժամկետը ևս 1 տարով երկարաձգելու համար՝ պատճառաբանելով, թե Սիրիայից սպառնալիքը դեռ պահպանվում է։

Բացի ՆԱՏՕ-ի համապատասխան որոշումից, ՀՕՊ կայանների տեղակայումը երկարաձգելու թույլտվություն պետք է տան նաև դրանք տրամադրած պետությունները, այսինքն՝ Գերմանիան, ԱՄՆ-ն և Հոլանդիան։

Այսպիսով, ԱՄՆ-ն արդեն պաշտոնապես հայտնել է, որ պատրաստ է իր 2 մարտկոցները ևս 1 տարի տեղակայել Թուրքիայի տարածքում։

Ավելի վաղ թուրքական լրատվամիջոցները նշել են, որ Նիդեռլանդները նույնպես համաձայնել է երկարաձգել ՀՕՊ համակարգերի տրամադրման ժամկետը։ Ըստ ամենայնի, նույն կերպ կվարվի նաև Գերմանիան։

Նշենք, որ Թուրքիան ներկայում չունի մեծ հեռահարության հակաօդային և հակահրթիռային պաշտպանության համակարգ, ինչի համար էլ փորձում է մրցույթի միջոցով հարմար տարբերակ գտնել։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *