Աֆղանստանում 3 վրացի զինվոր է զոհվել: Ամերիկյան նավերը լքել են Պարսից ծոցը. օրվա ամփոփում

«Զինվոր» հասարակական կազմակերպությունների համակարգող խորհրդի նախագահ Մարգարիտա Խաչատրյանը հայտարարել է, որ թոքաբորբից մահացած զինծառայողի զորամասում թոքաբորբով այլ հիվանդներ չկան: Իսրայելը նոր հակաբունկերային ռումբ է մշակել: ԱՄՆ պաշտոնական հաղորդագրությամբ` իրանական նավերը չեն կայանել Սիրիայի ափերի մոտ, իսկ ամերիկյան ավիակիրները հեռացել են Պարսից ծոցից:

  • Մարգարիտա Խաչատրյանը հայտարարել է, որ մահացած շարքային Նարեկ Մարտիրոսյանից բացի, նույն զորամասում թոքաբորբով այլ հիվանդներ չկան. hիվանդները այլ զորամասերից են, իսկ ինֆեկցիան հնարավոր չի եղել բացահայտել, քանի որ զինվորները գանգատներ չեն ունեցել:
  • Ամերիկացի վերլուծաբանն անդրադարձել է ադրբեջանցիների կողմից հրադադարի պարբերական խախտումներին և նշել. «Ադրբեջանը դիպուկահարներին որպես ճնշման միջոց է օգտագործում, իսկ հայերը՝ որպես վրեժխնդրություն: Շփման գիծն արդեն իսկ վերածվել է մահվան գծի և եթե իրավիճակը չփոխվի, ապա կսպառվեն Ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման վերջին հույսերը»:
  • ՀՀ ԱԱԽ քարտուղարն ու Եվրամիության արտաքին սահմաններում գործառնական համագործակցության կառավարման գործակալության  ղեկավարը քննարկել են փոխգործակցության հարցեր:
  • Սեյրան Օհանյանն ու ԵԱՀԿ երևանյան գրասենյակի նորանշանակ ղեկավարը քննարկել են համագործակցության ընդլայնման հեռանկարները:

Միջազգային լուրերը հայկական մամուլում

  • Աֆղանստանում` ռազմական առաջադրանքի կատարման ժամանակ` մարտական մեքենայի պայթյունի հետևանքով, 3 վրացի զինծառայող է զոհվել: Աֆղանստանում վրացական զորամիավորման խաղաղապահ առաքելության մեկնարկից ի վեր 15 վրացի զինվորական է զոհվել:
  • Իսրայելը նոր հզոր MPR-500 տրամաչափի հակաբունկերային ավիառումբ է մշակել, որը կարող է թափանցել մինչև մեկ մետր խորության վրա կամ քանդել մինչև չորս հատ բետոնե պատնեշ` յուրաքանչյուրի հաստությունը մինչև 200 մմ:
  • Իրանը երկրի հարավում անցկացվող Sarallah զորավարժությունների ժամանակ երկու նոր ռադար է ներկայացրել:
  • Պարսից ծոցում տեղակայված «Կարլ Վինսոն» ավիակրի գլխավորությամբ ամերիկյան ավիակիր հարվածային խումբը Հորմուզի նեղուցով լքել է ծոցը և դուրս եկել դեպի Արաբական ծով:
  • Իսկ ԱՄՆ ՊՆ տվյալներով՝ իրանական ռազմանավերը չեն կայանել սիրիական նավահանգստում: Փետրվարի 20-ին` անցնելով Սուեզի ջրանցքով, նավերը մոտեցել էին Սիրիայի ափերին և տեղեկություններ կային, թե դրանք խլացնում են Սիրիայի ընդդիմության կապուղիները, մեկ այլ վարկածի համաձայն` դրանք զենք են հասցրել Ասադի կողմնակիցներին:

ՌԴ ԱԳՆ-ին անհանգստացնում է այն միտքը, թե չի բացառվում, որ  ամերիկաիրանական պատերազմի ժամանակ օգտագործվի Ղըրղըզստանում գտնվող «Մանաս» ամերիկյան ռազամաբազան, սակայն այդ դեպքում ամերիկաղըրղըզական համաձայնագիրը կխախտվի: Նշենք, որ Ղըրղըզստանը ՀԱՊԿ անդամ է և Ռուսաստանը չի ցանկանա անուղղակիորեն կերպով ներքաշվել այդ պատերազմում, իսկ Իրանի դեմ գործողություններին կտրականապես դեմ է հանդես գալիս և պահպանում է ռուս-իրանական համագործակցությունը:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *