Մահացել է Սիրիայի զինյալների խոշոր խմբավորումներից մեկի հրամանատարը

Սիրիայի զինյալների խոշորագույն խմբավորումներից մեկը՝ «Թաուհիդ բրիգադը», նոյեմբերի 18-ին հայտարարել է իր հրամանատար Աբդուլ-Քադիր Սալեհի մահվան մասին։ Նա մահացել է Հալեպում ավիառումբի պայթյունի հետևանքով ստացված վնասվածքներից։

Աբդուլ-Քադիր Սալեհ

Աբդուլ-Քադիր Սալեհ

Ինչպես հաղորդում է AFP լրատվական գործակալությունը, ծանր վիրավորված հրամանատարին ուղարկել են հարևան Թուրքիայի հիվանդանոցներից մեկը՝ համապատասխան բուժում ստանալու, սակայն բժիշկները չեն կարողացել փրկել նրա կյանքը։

Հայտնի է, որ Սալեհի տեղը զբաղեցրել է Աբդուլ-Ազիզ Սալամեհը՝ բրիգադի ստորաբաժանումներից մեկի նախկին հրամանատարը։

Նշենք, որ Սալեհի մահը զինյալների երկրորդ լուրջ կորուստն էր Հալեպում վերջին շաբաթվա ընթացքում։ Մի քանի օր առաջ սպանվել էր Յուսեֆ ալ-Աբբասը, որը զբաղվում էր «Թաուհիդ բրիգադի» ֆինանսական հարցերով, ինչպես նաև ղեկավարում էր հետախուզական գործողությունները։

Նկատենք, որ «Թաուհիդ բրիգադը» համարում են Սիրիայում մարտական պատրաստվածությամբ աչքի ընկնող ամենահին խմբավորումներից մեկը, որն իր կազմում ունի շուրջ 8 հազար զինյալ։

Հիշեցնենք, որ հոկտեմբեր ու նոյեմբեր ամիսների ընթացքում Սիրիայի կառավարական զորքերն առաջընթաց են գրանցել։ Իրականացնելով մի քանի հաջող գործողություններ երկրի հյուսիսում՝ նրանք սկսել են վերահսկել կարևորագույն ճանապարհները, Հալեպի օդանավակայանի մի մասը, ռազմավարական նշանակության օբյեկտներ։

Սպառազինություն ունեցող զինյալները մարտնչում են Բաշար Ասադի վարչակազմի դեմ ավելի քան 2 տարի։ Այս ընթացքում, ՄԱԿ-ի գնահատմամբ, սպանվել է շուրջ 120 հազար մարդ, 2 մլն-ից ավելին դարձել են փախստական։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *