ՌԴ-ն Չինաստանին փոխանցեց ևս 4 միավոր Մի-171Ե ուղղաթիռ

«Ռուսաստանի ուղղաթիռներ» հոլդինգը Չինաստանի «Պոլի թեքնոլոջիս» (Poly Technologies) ռազմարդյունաբերական ընկերությանն է փոխանցել 4 միավոր Մի-171Ե բեռնատար ուղղաթիռ։

Ուղղաթիռները տրամադրվել են 2012 թվականին չինական ընկերության և «Ռոսօբորոնէքսպորտի» միջև կնքված պայմանագիրի համաձայն։Այս մասին հայտնում է «Ռիա նովոստի» լրատվական գործակալությունը՝ հղում անելով ռուսական ընկերությանը։

Հայտարարության մեջ նշվում է, որ պայմանագրի համաձայն «Ռուսաստանի ուղղաթիռներ» ընկերությունը Չինաստանին փոխանցելու է 52 միավոր Մի-171Ե բեռնատար ուղղաթիռ։ Այս պահի դրությամբ պատվիրատուին տրվել է 32 միավոր ինքնաթիռ։ Նախատեսված է, որ ուղղաթիռների փոխանցումը կավարտվի 2014 թվականին։

Տեղեկացնենք, որ ավելի վաղը նշվում էր, թե գործարքի արժեքը, ըստ «Ռուսաստանի ուղղաթիռներ» հոլդինգի գլխավոր տնօրեն Դմիտրի Պետրովի, 600 մլն դոլար է:
Նշենք, որ «Ռուսաստանի ուղղաթիռներ» և «Պոլի թեքնոլոջիս» ընկերությունները համագործակցում են դեռ 2009 թվականից, երբ կնքեցին 32 միավոր Մի-171Ե ուղղաթիռների փոխանցման պայմանագիր։ Այդ պայմանագիրն իրագործվեց 2011 թվականին։

Ուլան-Ուդենի գործարանում արտադրվող Մի-171Ե ուղղաթիռների վրա տեղադրված են ՎԿ-2500 տեսակի հզոր շարժիչներ, օժանդակ Safir էներգաբլոկ, արդիականացված տրանսմիսիա, որոնման լուսարձակ, դեսանտայինների համար նստատեղեր։

Հայտարարության մեջ նշվում է նաև, որ չինական անձնակազմը բարեհաջող վերապատրաստվել է Ուլան-Ուդենի Մի-171Ե վարժասարքերի վրա։
Ռուսական Մի-171Ե-ը Մի-8-ի մոդիֆիկացված տարբերակն է։ Նախատեսված է ուղևորների և բեռների փոխադրման, որոնողափրկարարական, տարհանման աշխատանքների իրականացման համար:

Առաջին թռիչքն արել է 1990 թվականին։ Անձնակազմը 3 հոգուց է բաղկացած, կարող է փոխադրել 26 ուղևորի։ Առավելագույն արագությունը 250 կմ/ժ է։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *