Ռուսաստանն ու Հնդկաստանը համաձայնության են եկել 2014 թվականին Ճապոնական ծովում համատեղ զորավարժություն իրականացնելու համար։ Ըստ նախնական տվյալների՝ ռազմածովային զորավարժությունը կիրականացվի Ճապոնական ծովի Պետրոս Մեծ ծոցում։
Այս մասին ռուս-հնդկական միջկառավարական ռազմատեխնիկական համագործակցության հանձնաժողովի 13-րդ նիստի բացմանն ասել է ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն։
Շոյգուն անդրադարձել է նաև ընթացիկ տարում համատեղ անցկացրած ահաբեկչության դեմ պայքարի զորավարժությանը, որն, ըստ Շոյգուի, համարվում է աշխարհում ամենամեծ վտանգներից մեկը։
Շոյգուի խոսքին դրական է պատասխանել նաև Հնդկաստանի պաշտպանության նախարար Արակապարամբիլ Կուրիյան Էնթոնին։
Նա վստահեցրել է, որ Հնդկաստանը լիովին պատրաստ է համատեղ ռազմածովային զորավարժության։
Նիստի ժամանակ կողմերը քննարկել են նաև ռազմատեխնիկական ոլորտում համագործակցության, տարածաշրջանային և գլոբալ անվտանգությանn առնչվող հարցեր։
Նիստի ավարտին ստորագրվել է երկկողմ հարաբերությունների ընդարձակման արձանագրություն։
Նշենք, որ դեռ հոկտեմբերին Ռուսաստանն ու Հնդկաստանը համատեղ իրականացրին «Ինդրա-2013» զորավարժությունը։
Զորավարժության նպատակն էր երկու երկրների համար համատեղ գործողությունների ծրագիր մշակել՝ անօրինական զինված խմբավորումների որոնման, շրջափակման և ոչնչացման համար։
Տեղեկացնենք, որ ռուս-հնդկական զորավարժություններ իրականացվում են դեռևս 2012-ից ինչպես Ռուսաստանի, այնպես էլ Հնդկաստանի տարածքում։ Բացի ցամաքային զորավարժություններից, երկու երկրներն իրականացնում են նաև ռազմածովային մանևրներ։