Ադրբեջանում պաշտպանության նախարարության շրջանակներում հերթական կադրային փոփոխությունն է։ Այս անգամ պաշտոնանկության փաստը հաստատում է հենց ինքը՝ ՊՆ տպարանի տնօրենը։
Ադրբեջանական Anspress լրատվական գործակալության թղթակցին տված հարցազրույցում Ադրբեջանի ԶՈւ գնդապետ, ռազմական տպարանի տնօրեն Փանահ Աբդուլաևը հաստատել է, որ 2013-ի նոյեմբերի 12-ին պաշտպանության նորանշանակ նախարար, գեներալ-գնդապետ Զաքիր Հասանովը ստորագրել է իրեն աշխատանքից ազատելու հրամանագիրը։ Աբդուլաևը չի մանրամասնել՝ արդյոք իրեն նշանակել են այլ պաշտոնի և թե ով է զբաղեցրել տպարանի տնօրենի պաշտոնը։
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը չի արձագանքել տեղեկությանը։
Նկատենք, որ հոկտեմբերի 24-ից ի վեր Ադրբեջանի ՊՆ համակարգում կադրային կտրուկ փոփոխություններ են կատարվում։ Ադրբեջանի ՊՆ մամուլի ծառայությունը հազվադեպ է հաստատում փոփոխությունների մասին լուրերը կամ էլ տալիս է անորոշ պատասխաններ։
Պաշտոնանկությունների և նշանակումների տեղեկությունների իսկությունը հնարավոր է լինում պարզել միայն աշխատանքից հեռացված կամ նշանակված զինվորականի մեկնաբանության շնորհիվ։