Ճապոնիայի ռազմաօդային ուժերը տագնապով օդ են բարձրացրել կործանիչներ, երբ երկրի օդային սահմանին են մոտեցել ՌԴ զինված ուժերի 2 միավոր Տու-95 ռազմավարական ռմբակոծիչ։
Ռուսական մարտական ինքնաթիռները Ճապոնիայի օդային տարածքին են մոտեցել նոյեմբերի 18-ին։ Թեև նրանք չեն խախտել ճապոնական օդային սահմանը, սակայն թռիչքներ են կատարել Տոկիոյի ուղղությամբ, անցել են Օկինավա կղզիների մոտակայքով, ինչից հետո վերադարձել են Սախալին։
Ճապոնիայի ինքնապաշտպանության ուժերի միավորված շտաբերի հաղորդած տվյալներով՝ միայն այս տարվա հուլիսից սեպտեմբերն ընկած ժամանակահատվածում 105 անգամ ճապոնական ինքնաթիռ է օդ բարձրացվել ռուսական ինքնաթիռների թռիչքների պատճառով։
Նոյեմբերի 16-ին կրկին ճապոնական կործանիչներ էին օդ բարձրացվել, երբ Ճապոնիայի ափերի մոտով ՌԴ զինված ուժերի Տու-142 ինքնաթիռներ են թռիչք կատարել։
Նշենք, որ Ճապոնիան և Ռուսաստանը տարածքային վեճ ունեն, ինչը կապված է Կուրիլյան կղզիների հետ, որոնք Երկրորդ աշխարհամարտից հետո անցել էին ԽՍՀՄ-ին, ապա նաև Ռուսաստանի Դաշնությանը, սակայն Տոկիոն ռազմավարական մեծ նշանակություն ունեցող կղզիները համարում է երկրի անբաժանելի մասը։ Այս պատճառով էլ Մոսկվայի և Տոկիայի միջև լարված հարաբերություններ են պահպանվում։
Pingback: Ռուսական ռմբակոծիչները մոտեցել են Տոկիոյի օդային տարածքին | armday