Լիբիայում առևանգել են հետախուզության վարչության պետի տեղակալին

Լիբիայում Տրիպոլիի օդանավակայանից նոյեմբերի 17-ին առևանգել են երկրի ռազմական հետախուզական վարչության պետի տեղակալին, երբ վերջինս Տրիպոլի էր ժամանել Թուրքիայից: Առևանգումը կայացել է Լիբիայում ներքին խռովությունների համատեքստում:

Լիբիայի զինյալները տոնում են Քադաֆիի մահը

Լիբիայի զինյալները տոնում են Քադաֆիի մահը

Ինչպես հաղորդում է «Ռոյթերս» գործակալությունը, հղում տալով Լիբիայի ուժային կառույցների իր աղբյուրներին, առևանգված հետախույզը Մուսթաֆա Նոահն է։ Նա օդանավակայան էր ժամանել առանց թիկնապահների:

Հետախույզին առևանգել են օդանավակայանից դուրս գալիս, ապա ստիպել նստել ավտոմեքենա, և նրան տարել են անհայտ ուղղությամբ:

Հիշեցնենք, որ նույն օրը՝ Տրիպոլիում, արտակարգ իրավիճակ էր հայտարարվել: Խաղաղ բնակիչներն իրենց հերթին բողոքի ցույց էին սկսել՝ զինյալների խմբավորումներին քաղաքից հեռացնելու պահանջով:

Ցույցը կայացել էր նոյեմբերի 15-ին Հարհուր թաղամասում, որտեղ կենտրոնացած են Միսուրաթա քաղաքից ժամանած զինյալները: Վերջիններս փորձել են սկզբում օդում կրակոցներով ցրել իրենց դեմ կազմակերպված ցույցը, այնուհետև կրակ են բացել մարդկանց ուղղությամբ: Բախումների հետևանքով շուրջ 40 մարդ է մահացել, տուժել են 500-ը:

Հավելենք, որ Տրիպոլիից զինյալների դուրսբերման պահանջով նոյեմբերի 16-ին ելույթ էր ունեցել նաև երկրի վարչապետ Ալի Զեյդանը, իսկ արդեն նոյեմբերի 17-ին կառավարական զորքերը գործողություններ են ծավալել զինյալների դեմ: Զեյդանին դեռևս հոկտեմբերին առևանգել էին նույն զինյալները:

Տրիպոլիի տարածքում տեղակայված զինյալների խմբավորումները, ըստ էության,քաղաքը բաժանել են մի քանի գոտու: Այս իրավիճակը ծայր է առել 2011-ի քաղաքացիական պատերազմից, երբ Մուամար Քադաֆին գահընկեց արվեց:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *