Նոյեմբերի 16-ին՝ ժամը 12:30-ից մինչև 14:00-ն ընկած ժամանակահատվածը, Ադրբեջանի զինված ուժերը, անտեսելով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կոչը, խախտել են հրադադարի ռեժիմը և ինտենսիվ կրակ բացել Տավուշի ուղղությամբ:
Ռազմինֆոյի հետ զրույցում ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը մանրամասնեց, որ կրակը բացվել է հիմնականում Վազաշեն գյուղի ուղղությամբ՝ ճանապարհով ընթացող քաղաքացիական մեքենաների վրա: Հակառակորդը կրակել է նաև Պառավաքարի ուղղությամբ:
Գնդակոծության հետևանքով, ըստ Հովհաննիսյանի, տուժածներ չկան:
Ռազմինֆոն զրուցեց Վազաշենի համայնքի ղեկավար Լորիկ Բադիրյանի հետ, որը փաստեց՝ արտասովոր ոչինչ չկա: «Մենք սովոր ենք իրենց կրակելուն, ոչ մի անսովոր բան չկար, ամեն ինչ կարգին է»,-հավելեց պարոն Բադիրյանը:
Պառավաքարի համայնքի ղեկավար Ռոլանդ Մարգարյանը ևս հաստատեց, որ խուճապի առիթ չկա: «Գյուղի վրա չեն կրակել, կրակել են Վազաշեն-Պառավաքար ճանապարհի վրա: Գյուղացիների շրջանում իրարանցում չկա»,-շեշտեց պարոն Մարգարյանը:
Հավելենք նաև, որ ՊՆ մամուլի քարտուղարն իր խոսքում ընդգծել է. «Հայկական ԶՈւ-ն, կատարելով ՀՀ ՊՆ Սեյրան Օհանյանի հրահանգը, պահպանում է լռություն: Հերթական անգամ ադրբեջանական կողմը խախտում է հրադադարի ռեժիմը և անտեսում խաղաղության բոլոր կոչերը, ինչի արդյունքում միջադեպի ամբողջ պատասխանատվությունն ընկնելու է իրենց վրա»: