Ռազմաշաբաթ. Հայաստան. նոյեմբերի 10-16 (վիդեո)

Խոշոր զորավարժություն Արցախում: Նախագահը ՊԲ զորամասեր է այցելել: Հայաստանում անցկացվեց տանկային բիաթլոն: Նախագահն ընդունել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարին: «Պտերո» ԱԹՍ` Հետախույզի օրը: Մոնթե Մելքոնյանի անվան վարժարանը 20 տարեկան է:

1. Նոյեմբերի 13-ին Սերժ Սարգսյանը Բակո Սահակյանի, ինչպես նաև պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի, Պաշտպանության բանակի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանի հետ հետևել են Արցախում ընթացող զորավարժությանը: Արցախի «Տիգրանակերտ» զորավարժարանում կայացած հայկական մարտավարական զորավարժության ժամանակ առաջին անգամ ներկայացվեց մարտարշավային զորախմբի մոդելը։ Զորավարժությունը նշանակալի էր նրանով, որ հայկական միավորումները կատարում էին զուտ հարձակողական գործողություններ։ Միջոցառման ավարտից հետո ՀՀ նախագահը թանկարժեք նվերներով պարգևատրեց ծառայության ընթացքում աչքի ընկած զինծառայողներին:

2. Նոյեմբերի 13-ին Սերժ Սարգսյանն այցելել է Պաշտպանության բանակի զորամասեր և առաջնագիծ։ Շրջայցի ընթացքում նախագահը ծանոթացել է բանակաշինության ուղղությամբ իրականացվող աշխատանքների ներկայիս վիճակին: Հանրապետության նախագահը ներկա է գտնվել նաև զինավանում շտաբ-զորանոցի մասնաշենքի և սպաների համար ժամանցի ու հանգստի մասնաշենքի բացման արարողություններին: Օրվա ավարտին ՊԲ շտաբում հայկական երկու պետությունների նախագահների, պաշտպանական գերատեսչությունների ղեկավարների և հրամանատարական կազմի մասնակցությամբ խորհրդակցություն էր:

3. Պաշտպանության բանակում անցկացված զորավարժության շրջանակներում նոյեմբերի 13-ին փորձարկվեց տանկային բիաթլոնը կոչվող մրցումը: Հաղթող դարձավ կապույտ թիմը։ Մրցույթին մասնակցում էին Տ-72 տանկերից կազմված 3 թիմեր, որոնք ամեն մեկը ստացել էր հայոց եռագույնի մի գույնը։ Թիմերը 3 շրջան կատարեցին, որոնց ժամանակ մարտական հրաձգությամբ խոցեցին թիրախներ։ Երրորդ շրջանի ժամանակ հրաձգությունն իրականացվեց ընթացքի ժամանակ։ Երրորդ շրջանի ավարտին անձնակազմերը տանկերով ցուցադրական «թռիչքներ» կատարեցին ցատկահարթակների վրայով։

4. Սարգսյանը նոյեմբերի 11-ին ընդունել է աշխատանքային այցով Հայաստան ժամանած ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժային: Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են ՀԱՊԿ շրջանակներում համագործակցությանը վերաբերող հարցեր: Կողմերն անդրադարձել են նաև Երևանում ՀԱՊԿ ակադեմիայի հիմնման որոշումից հետո հաստատության գործունեության կազմակերպմանը վերբերող հարցերի:

«Պտերո» ռուսական արտադրության անօդաչու թռչող սարքը՝ նոյեմբերի 5-ին հետախույզի օրվան նվիրված միջոցառման ժամանակ

5. Նոյեմբերի 5-ին ԶՈւ հետախուզության զորքերը նշել էին իրենց կազմավորման 21-ամյակը։ Միջոցառմանը ցուցադրվել է հայրենական արտադրության «Բազե», ինչպես նաև «ուղղաթիռային» տիպի ԱԹՍ-ներ։ Դրանցից բացի, ներկայացվել է նաև մեկ այլ ԱԹՍ, որը, դատելով թևերի ձևից ու բացվածքից, կորպուսի կառուցվածքից, պոչի դիրքից ու այլ հատկանիշներից, «Պտերո» ռուսական արտադրության անօդաչու թռչող սարքն է։ Դեռ 2012-ի հուլիսին «ԱՖՄ-Սերվեր»-ի գլխավոր տնօրեն Ամիր Վալիևը ռուսական «Ավիապորտ» պորտալին տված հարցազրույցում հայտնել էր, որ Հայաստանը գնել է 4-ական միավոր «Պտերո-Ե4» և «Պտերո-Ե5» անօդաչու սարքերի համալիրներ։ Ըստ Վալիևի՝ դրանք ձեռք էին բերվել այդ թվում ՀՀ ԱԻՆ-ի համար։

6. Նոյեմբերի 15-ին 96 «մոնթեական» Մոնթե Մելքոնյանի անվան ռազմական վարժարանի կազմավորման 20-ամյակին հանդիսավոր երդվեցին ծառայել Հայաստանի Հանրապետությանը։ Միջոցառմանը ներկա էին Սեյրան Օհանյանը, Արկադի Տեր-Թադևոսյանը, վարժարանի պետ,գնդապետ Վիտալի Ոսկանյանը: Նախարարի հրամանով պարգևատրվեցին Մոնթե Մելքոնյանի անվան ռազմավարժական ուսումնարանի սպաներին, ուսուցիչներին, ծառայության ժամանակ աչքի ընկած սաներին:

7. Նոյեմբերի 15-ին լրագրողների հետ ճեպազրույցում նախարար Սեյրան Օհանյանը նշեց, որ մտածում են ընդլայնել ռազմամարզական վարժարանների այսօրվա աշխարհագրությունը: Ըստ Օհանյանի` մի քանի մարզերում այսպիսի վարժարաններ ունենալու ցանկություն կա:

8. Նոյեմբերի 15-ին պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը դիվանագիտական առաքելությունն ավարտելու կապակցությամբ ընդունել է Իտալիայի արտակարգ և լիազոր դեսպան, պարոն Բրունո Սկապինիին։ Հանդիպման ընթացքում Օհանյանը բարձր է գնահատել երկու երկրների միջև պաշտպանության բնագավառում իրականացվող համագործակցությունը, մասնավորապես` կադրերի պատրաստման բնագավառում:

Ռազմաշաբաթը նաև`

Ադրբեջանում

Թուրքիայում

 

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *