Նոր հրթիռ «Տոռ» զենիթահրթիռային համալիրի նոր արդիականացման համար

Ռուս նախագծողները «Տոռ-Մ2» նոր ինքնագնաց զենիթահրթիռային համալիրի համար ստեղծել են նոր 9Մ338 զենիթային կառավարվող հրթիռ, որն ունի կատարելագործված մարտավարատեխնիկական բնութագրեր։

«Տոռի» նոր արդիականացումը ստեղծվել է հատուկ հակառակորդի գերճշգրիտ հրթիռների ոչնչացման համար։ Համալիրը կրելու է 16 միավոր հրթիռ, նախորդ տարբերակների 8 միավորի փոխարեն, քանի որ նոր հրթիռներն ավելի փոքր ծավալ ունեն։ 9Մ338 հրթիռները նախորդ 9Մ331 տարբերակների համեմատ ունեն նաև թռիչքի ավելի մեծ հեռավորություն։

Նախագծողների համաձայն՝ նոր 9Մ338 հրթիռները փորձարկումների ժամանակ արձակված հինգ դժվար թիրախներից երեքը ոչնչացրել են ուղիղ խոցմամբ, իսկ մյուս երկուսը ոչնչացրել են մարտական մասի բեկորներով։ Սա թույլ է տվել փորձարկողներին հրթիռները ընդունել սերիական արտադրության, ինչից հետո նախագծողների խոսքով արդեն իսկ արտադրվել է շուրջ 40 միավոր 9Մ338 հրթիռ։

«Տոռ» ինքնագնաց զենիթահրթիռային համալիրի նոր «Տոռ-Մ2» արդիականացումը կրում է 16 միավոր 9Մ338 հրթիռ, որոնց խոցման առավելագույն բարձրությունը 10 կիլոմետր է, թռիչքի առավելագույն արագությունը՝ 1 կմ/վ։ Հրթիռի զանգվածն է 163 կգ։

9Կ330 «Տոռ» զենիթահրթիռային համալիրը նախատեսված է վարչական, տնտեսական ու ռազմական կարևոր օբյեկտների հակաօդային ու հակահրթիռային պաշտպանություն ապահովելու համար՝ հակառադիոտեղորոշիչ ու թևավոր կառավարվող հրթիռներից, անօդաչու թռչող սարքերից, ինքնաթիռների ու ուղղաթիռներից։ Համալիրը կարող է աշխատել թե´ ինքնուրույն, թե´ ղեկավարման միջոցով, ընդ որում ինքնուրույն աշխատելիս համալիրը ոչնչացնում է բոլոր օդային թիրախները, որոնք չեն ճանաչվել որպես «սեփական»։ Ստեղծվել է 1972-ին խորհրդային նախագծողների կողմից։ Մարտական մեքենայի զանգված է ավելի քան 30 տոննա է, անձնակազմը 3 կամ 4 մարդ՝ կախված արդիականացումից։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *