ՀՀ նախագահն այցելել է ՊԲ զորամասեր

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը նոյեմբերի 14-ին Արցախի նախագահ Բակո Սահակյանի և հայկական երկու հանրապետությունների պաշտպանական գերատեսչությունների ղեկավարների ու բարձրագույն սպայական կազմի հետ այցելել է ՊԲ կենտրոնական ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկը։

ՀՀ նախագահը շարահրապարակում անձնակազմին ողջունելուց հետո զրուցել է զինվորների և սպայական կազմի հետ, այնուհետ դիտել հետախուզական վաշտի ցուցադրական պարապմունքը:

ՀՀ և Արցախի նախագահները ծաղկեպսակ են դրել զորամասի տարածքում կառուցված զոհված ազատամարտիկների հիշատակը հավերժացնող հուշարձանին և հարգանքի տուրք մատուցել:

 

Սերժ Սարգսյանը և Բակո Սահակյանը զորամասի տարածքում բանակային շինությունների բացման հանդիսավոր արարողությունից հետո դիտել են մարտական հերթապահության մեկնող անձնակազմի նախապատրաստական պարապմունքները և խրախուսել լավագույն արդյունք ցուցաբերածներին: Հայկական երկու հանրապետությունների նախագահներն այցելել են նաև հարավային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկը, որտեղ բացվել է ծառայության համար անհրաժեշտ բոլոր հարմարություններով նորակառույց շտաբի մասնաշենքը: Նախագահներն այստեղ դիտել են արգելագոտու հաղթահարման ուղղությամբ անձնակազմի վարժանքները:

 

Ավարտվել է հայկական երկու հանրապետությունների փոխգործակցության շրջանակներում կայացած` ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի եռօրյա աշխատանքային այցը  ՊԲ զորամասեր և առաջնագիծ:

Մայրաքաղաք Ստեփանակերտում այսօր առավոտյան տեղի է ունեցել նախագահներ Սերժ Սարգսյանի և Բակո Սահակյանի առանձնազրույցը, որին հաջորդել է ընդլայնված կազմով խորհրդակցություն՝ ՀՀ պատվիրակության և Արցախի վարչապետի ու կառավարության անդամների մասնակցությամբ:

 

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *