«Մենք մտածում ենք ընդլայնել ռազմամարզական վարժարանների այսօրվա աշխարհագրությունը: Ցանկություն կա, որ մի քանի մարզերում էլ ունենանք այսպիսի վարժարաններ: Նրանք յուրաքանչյուր պետության ռազմական պոտենցիալի ամենակարևոր բաղադրիչի` ռազմահայրենասիրական դաստիարակության հիմքն են»: Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը:
«Ռազմակրթական համակարգում ռազմաուսումնական հաստատությունների դերը շատ մեծ է: Առաջնահերթ է ոչ միայն ԶՈւ բարեփոխումների ու զարգացման համար, այլ նաև միջազգային ռազմական համագործակցության շրջանակներում: Մենք ռազմական կրթությունը բերում ենք այսօրվա միջազգային չափանիշներին»,- նշեց Սեյրան Օհանյանը:
Նախարարը հավաստիացրեց, որ Մոնթե Մելքոնյանի անվան ռազմական վարժարանն իր ուրույն տեղն ունեցել է և հիմա էլ ունի: Պատերազմի տարիներին կազմավորվելով` վարժարանը միանգամից սպաներ էր պատրաստել, որոնք այժմ բարձր պաշտոններ ունեն համակարգում:
«Այն ժամանակվա ոգևորությունն ավելի բարձր էր: Ռազմական վարժարանը նաև ռազմահայրենասիրական դեր ունի: Պարտադիր չէ, որ բոլորը ընդունվեն ռազմական ուսումնական հաստատութուններ, բայց այստեղ ձեռք բերված գիտելիքները, դաստիարակությունը, հայրենասիրությունը բավական անհրաժեշտ է մեր երիտասարդներին»,-ընդգծեց նախարարը:
Այսօր` նոյեմբերի 15-ին, Մոնթե Մելքոնյանի անվան ռազմական վարժարանը նշում է իր կազմավորման 20-ամյակը: Վարժարանի սաներին շնորհավորելու և նրանց երդման արարողությանը ներկա էին Սեյրան Օհանյանը, Արկադի Տեր-Թադևոսյանը, մի շարք բարձրաստիճան հյուրեր, ինչպես նաև Հայաստանում աշխատող արտասահմանյան ռազմական կցորդներ: