ՌԴ-ի ու Սիրիայի նախագահները հեռախոսազրույց են ունեցել

Սիրիայի հակամարտության սկզբից ի վեր Ռուսաստանի ու Սիրիայի նախագահները, ռուսական կողմի պնդմամբ, առաջին անգամ են հեռախոսազրույց ունեցել։ Զրույցն ընթացել է հիմնականում քիմիական զենքի ոչնչացման թեմաների շուրջ։

Վլադիմիր Պուտին և Բաշար Ասադ

Վլադիմիր Պուտին և Բաշար Ասադ

Ինչպես հաղորդում է «Ինտերֆաքս» լրատվական գործակալությունը, հղում տալով ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովին, Սիրիայի քաղաքացիական պատերազմի 2 տարիների ընթացքում առաջին անգամ Պուտինն ու Բաշար Ասադն ուղիղ կապ են հաստատել հեռախոսով՝ քննարկելով Ժնևում անցկացվելիք համաժողովի մանրամասներն ու քիմիական զենքի պաշարների ոչնչացման գործընթացի արդյունավետությունը։

Այլ մանրամասներ երկու նախագահների հեռախոսազրույցից չեն հայտնում։

Հիշեցնենք, որ Ժնևի համաժողովը նախաձեռնել են ԱՄՆ-ն ու ՌԴ-ն։ Այն միտված է քաղաքական լուծում տալու Սիրիայի տևական հակամարտությանը։ Սկզբնական շրջանում որոշված էր, որ այն անցկացվելու է 2013-ի աշնանը, սակայն հակամարտող կողմերի՝ միմյանց ուղղված բացասական արձագանքներից ու պայմաններ առաջադրելուց հանգամանքից ելնելով՝ որոշվեց քննարկումները հետաձգել մինչև ընթացիկ տարվա դեկտեմբեր։

Սիրիայի հակամարտության առաջին իսկ օրվանից կառավարական զորքերն ու զինյալները քիմիական զենքի կամ արգելված թունավոր նյութերի օգտագործման փոխադարձ մեղադրանքներ են ներկայացնում։ Աղմկահարույց էր հատկապես 2013-ի օգոստոսին Դամասկոսի մերձակայքում քիմիական զենքի կիրառման միջադեպը, որի պատճառով, ըստ արևմտյան կազմակերպությունների, ավելի քան 1500 մարդ է զոհվել: Միջազգային կազմակերպությունների զեկույցներից այդպես էլ պարզ չդարձավ՝ կառավարությունն էր կիրառել քիմիական թունավոր նյութերը, թե զինյալների խմբավորումները։

Սպառազինություն ունեցող զինյալները մարտնչում են Բաշար Ասադի վարչակազմի դեմ ավելի քան 2 տարի։ Այս ընթացքում, ՄԱԿ-ի գնահատմամբ, սպանվել է շուրջ 110 հազար մարդ, 2 մլն-ից ավելին դարձել են փախստական։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *