Ռազմաշաբաթ. Ադրբեջան. նոյեմբեր 10-16

Երկու վիրավոր Ադրբեջանի ԶՈւ-ում՝ մեկ օրում: Շամխորում ավտովթարից զինծառայողներ են տուժել։ Ադրբեջանի ՊՆ-ն հերքում է տանկի միջադեպը: Իրանը բացել է անցակետերից մեկը: Զաքիր Հասանովը՝ Բեյլագանում: ՆԱՏՕ-ի փորձագիտական խումբը՝ Ադրբեջանում:

Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը՝ Բեյլագանի բանակային կորպուսում

Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը՝ Բեյլագանի բանակային կորպուսում

1. Ադրբեջանի զինված ուժերում մեկ օրում երկու միջադեպ է գրանցվել:

Նոյեմբերի 14-ին Ադրբեջանի ԶՈւ զորամասերից մեկի 19-ամյա զինծառայող Շահմարդանով Մուսեիբ Շահին օղլուն ծանր վիրավորվել է՝ իրեն ամրակցված ինքնաձիգից արձակված կրակից։ Հայտնի է, որ զինծառայողը զորակոչվել էր Զագաթալայի շրջանից։

Նկատենք, որ Ադրբեջանի ՊՆ-ն հրաժարվել է մեկնաբանություններ տալ միջադեպի առնչությամբ։ Պարզ չէ նաև, թե որ շրջանում տեղակայված զորամասում է գրանցվել միջադեպը։

Նույն օրը՝ նոյեմբերի 14-ին, հայտնի է դարձել՝ առաջնագծի հատվածում Ադրբեջանի ԶՈւ 19-ամյա զինծառայող Էլման Սուլեյմանովը իրեն ամրակցված ինքնաձիգից կրակ է բացել անզգուշությամբ։ Դրա հետևանքով վիրավորվել է 19-ամյա զինծառայող Նաթիգ Ասադովը։ Ադրբեջանի ՊՆ-ն հաստատում է փաստը:

Նոյեմբերի 15-ին Ադրբեջանում՝ Բաքու-Ղազախ ավտոճանապարհի 386-րդ կիլոմետրին, Շամխորի շրջանում, ՃՏՊ է գրանցվել։ Ավտոմեքենաների բախման հետևանքով տուժել է Ադրբեջանի զինված ուժերի երեք զինծառայող։

2. Նոյեմբերի 8-ին Բեյլագանում Տ-72 տանկը մտել էր ավտոբուսի մարդաշատ կանգառներից մեկը, գետնին հավասարացրել այն, ավտոմեքենաների վրայով անցնելով՝ ընկել ջրանցքը։ ԱՊԱ գործակալությունը հաստատել էր լուրը՝ զորամասի աղբյուրներին հղում տալով, իսկ ՊՆ-ն նոյեմբերի 11-ին հերքում է: Փաստերը հերքելուն միտված այս գործելաոճը բողոքի նոր ալիք է բարձրացրել ՊՆ-ի դեմ:

3. Իրանը փակել էր Ջուղայի հսկիչ անցակետը Նախիջևանի հետ սահմանին և Բիլյասուվարինը՝ Ադրբեջանի հետ սահմանին։ Երկու երկրների հարաբերություններում միջադեպը լարվածություն էր առաջ բերել։

Նոյեմբերի 9-ին անցակետերը բաց էին, սակայն միայն հետիոտների համար, այն էլ՝ մասամբ: Նոյեմբերի 9-ի դրությամբ, ըստ ԱՊԱ-ի, իրանական կողմից ավելի քան 1000 ադրբեջանցի սպասում էր՝ երբ հնարավոր կլինի հատել սահմանը: Բացի այդ, հերթի մեջ էին շուրջ 200 տրանսպորտային միջոցներ:

Նոյեմբերի 12-ին ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ իրավիճակը շարունակում է լարված մնալ, Իրանի ու Ադրբեջանի սահմանապահների հանդիպումը որևէ արդյունք չի ունեցել, քանի որ հերթում կանգնած ադրբեջանական ավտոմեքենաների ու բեռնատարների թիվը ժամ առ ժամ ավելանում է։

Նոյեմբերի 15-ին ադրբեջանական կայքերից մեկի փոխանցմամբ՝ Բիլյասուվարի անցակետը բացվել է ադրբեջանական տրանսպորտի համար։ Պաշտոնական արձագանքներ դեռևս չկան։

4. Հոկտեմբերի 22-ին Ադրբեջանի պաշտպանության նախարար նշանակված, ԶՈւ գեներալ-գնդապետ Զաքիր Հասանովը նոյեմբերի 13-ին այցելել է առաջնագիծ։ Այս անգամ նախարարը հանդիպումներ է ունեցել Բեյլագանի բանակային 2-րդ կորպուսում։

5. Ռազմական կրթության գծով ՆԱՏՕ-ի փորձագիտական խումբը նոյեմբերի 11-ին ժամանել է Բաքու՝ Ադրբեջանի պաշտպանության նախարարության ներկայացուցիչների հետ կադրային ու կրթական հարցեր քննարկելու։

6. Նոյեմբերի 15-ին Ադրբեջանի ներքին գործերի նախարարությունը հաստատել է շրջանառվող լուրերը ՆԶ նոր հրամանատար նշանակվելու վերաբերյալ:

Ներքին զորքերի նորանշանակ հրամանատար, գեներալ-մայոր Շահին Մամեդովի մասին քիչ բան է հայտնի. նա նախկինում պաշտոնավարել է որպես ներքին զորքերի շտաբի պետի տեղակալ:

Ռազմաշաբաթը նաև

Հայաստանում

Թուրքիայում

 

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *