ԱՄՆ-ում անմեղ են ճանաչել կնոջ նկատմամբ ոտնձգություն իրականացրած սպային

ԱՄՆ-ում երդվյալ ատենակալներն արդարացրել են ԱՄՆ ռազմաօդային ուժերի սպա, 42-ամյա Ջեֆրի Կրուսինսկուն, ով մեղադրվում էր Վիրջինիայի նահանգի գարեջրատներից մեկում մի կնոջ նկատմամբ ոտնձգություն իրականացնելու համար։

Ջեֆրի Կրուսինսկի

Ջեֆրի Կրուսինսկի

Ինչպես հաղորդում է բրիտանական The Guardian պարբերականը,  այս գործի դատավարությունն ԱՄՆ-ում մեծ աղմուկ է բարձրացրել, քանի որ Կրուսինսկին երկար ժամանակ գլխավորում էր ԱՄՆ ՌՕՈւ-ում սեռական ոտնձգությունների դեմ պայքարի վարչությունը։

Նշենք, որ 23-ամյա տուժածը դատարանում հայտարարել էր՝ մայիսի 5-ին Կրուսինսկին հարձակվել է իր վրա Արլինգթոն քաղաքի գարեջրատներից մեկում՝ սեռական ոտնձգություն իրականացնելու նպատակով։ Սակայն սպայի փաստաբանները վկայում են՝ աղջկա ցուցմունքները միմյանց հակասում են։

Մասնավորապես, աղջիկը պնդում էր, որ մի քանի անգամ հարվածել է սպային՝ ինքնապաշտպանության նպատակով, իսկ փաստաբանների բերված վկաները հավաստիացնում էին՝ աղջիկն ինքն է սկսել հարվածել սպային, երբ նրանք պատահմամբ բախվել են գարեջրատան սեղանի մոտ։

Արդյունքում ատենակալները հավատացել են փաստաբանների տարբերակին, մինչդեռ կային ևս մի քանի կին վկաներ, որոնք պնդում էին՝ այդ օրը սպան գինովցած էր ու ոտնձգություններ էր թույլ տվել ներկա մյուս կանանց նկատմամբ։

Հավելենք, որ համաձայն Պենտագոնի տվյալների՝ միայն անցնող տարում ՌՕՈւ հրամանատարությունը սեռական ոտնձգությունների ավելի քան 20 հազար անանուն բողոք է ստացել ծառայող սպաների դեմ։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *