ԱՄՆ-ն վերջնական որոշում է կայացրել ՌԴ-ից Մի-17 ուղղաթիռներ չգնելու

ԱՄՆ ՊՆ-ն որոշել է կասեցնել ռուսական «Ռոսօբորոնէքսպորտ»-ից Մի-17 ուղղաթիռների գնման գործընթացը։ Պենտագոնը սկզբում որոշում էր կայացրել գնելու 15 միավոր Մի-17-եր՝ շուրջ 354 մլն ԱՄՆ դոլար արժողությամբ։ Կոնգրեսի հետ տևական խորհրդակցություններից հետո ԱՄՆ ՊՆ-ն հրաժարվել է այս գաղափարից։

Մի-17. Աֆղանստան

Մի-17 ուղղաթիռները Աֆղանստանում

Ինչպես հաղորդում է «Ռոյթերս» լրատվական գործակալությունը, գնման կասեցումը պայմանավորված է նաև ԱՄՆ կոնգրեսականների՝ «Ռոսօբորոնէքսպորտի» հետ համագործակցելու հարցում բազմիցս դեմ հանդես գալու և 2014-ի բյուջեից նման միջոցներ տրամադրելու ոչ նպատակահարմար լինելու հետ։

Հիշեցնենք, որ ԱՄՆ ՊՆ-ն պայմանագիր էր կնքել Աֆղանստանին ռուսական 33 միավոր Մի-17 ուղղաթիռներ տրամադրման վերաբերյալ։ Գործարքի ընդհանուր արժեքը կազմում էր 640 մլն ԱՄՆ դոլար։

Նշենք, որ 2011-ին Պենտագոնը «Ռոսօբորոնէքսպորտ»-ի հետ 367.5 մլն դոլարի պայմանագիր էր կնքել 21 միավոր Մի-17Վ5 ուղղաթիռներ Աֆղանստանին տրամադրելու առնչությամբ։ Հայտնի է նաև, որ 2012-ի հուլիսի կեսերին ռուսական կողմն ամերիկյան պատվիրատուներին արդեն իսկ ուղարկել էր 21 միավոր ուղղաթիռ։

2013-ի աշնանը Պենտագոնը վերջնական որոշում էր կայացրել գնելու 15 միավոր Մի-17 ուղղաթիռներ Աֆղանստանի համար։ Սակայն այս որոշումը, ինչպես տեսանք, չեղյալ համարվեց։

Նկատենք նաև, որ 2013-ի հուլիսի կեսերին ԱՄՆ Կոնգրեսի ներկայացուցիչների պալատի անդամները կողմ էին հանդես եկել ռուսական «Ռուսօբորոնէքսպորտ» ընկերության հետ համագործակցությունը կասեցնելուն. համագործակցության կասեցման դեմ քվեարկել է 5, կողմ՝ 407 մարդ։

Ռուս վերլուծաբանները ենթադրում են, որ ռուսական ընկերության ծառայություններից հրաժարվելով՝ ԱՄՆ-ն խթանում է իր տեղական արտադրողների, մասնավորապես, հայտնի Sikorsky ընկերության գործունեությանը։ Մի մասն էլ հակված է այն տեսակետին, որ ռուսների հետ համագործակցության կասեցմանը կողմ քվեարկությունն իրականում ճնշման մի ձև էր՝ ուղղված Ռուսաստանի՝ Սիրիայից հարցով վարած արտաքին քաղաքականության դեմ։

Հավելենք, որ 2013-ի օգոստոսին ԱՄՆ-ում քրեական գործ էր հարուցվել «Ռոսօբորոնէքսպորտից» ԱՄՆ-ի ձեռք բերած ուղղաթիռների գործով։ Պենտագոնում կասկածում էին, որ ռազմատեխնիկան գնել են ուռճացված գներով։ Մինչ այսօր հետաքննության տվյալները չեն հրապարակվել։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *