Գերմանիայի ՊՆ-ն 2013-ի նոյեմբերի սկզբին ներկայացրել է Thales Raytheon Systems ընկերության նոր վերգետնյա ռադիոտեղորոշման Ground Master 400 սարքը։ Այն արդեն փորձարկումներ է անցել Գերմանիայի ԶՈւ-ում և պատրաստ է շահագործման։
Ինչպես հաղորդում է ամերիկյան UPI լրատվական գործակալությունը, սարքը մարտական հերթապահության մեջ է Գերմանիայի հյուսիս-արևմուտքում՝ Վեստֆալիայում։ Այն ամրացվել է ստացիոնար աշտարակի վրա և կազմում է Գերմանիայի հակաօդային պաշտպանության մի մասը։
Ներկա դրությամբ Ground Master 400 մեկ այլ ռադիոտեղորոշման սարք մարտական փորձարկումների փուլ է անցնում։ Դեռևս պարզ չէ՝ որտեղ են այն տեղադրելու։
Նշենք, որ Գերմանիան այս սարքերի ձեռքբերման պայմանագիր էր կնքել 2010-ի դեկտեմբերին։ Համաձայն պայմանագրի՝ Գերմանիան պետք է ստանա 6 նման սարք, որոնցից վերջինը պետք է տրամադրվի 2015-ից ոչ ուշ։
Հավելենք, որ Գերմանիայի ՀՕՊ համակարգում նոր ռադիոտեղորոշման սարքերը փոխարինելու են հնացած MPR-երին, որոնք ևս արտադրվել են Thales-ի կողմից և տրամադրվել 1970-ականների վերջին։
Ground Master 400 համակարգերն ունակ են հայտնաբերել օդային թիրախներ մինչև 400 կմ հեռավորության վրա՝ ներկայացնելով թիրախի տեղակայման եռաչափ քարտեզը։ Գերմանիայի կողմից շահագործվող այս սարքերին կցվել է նաև «յուրային-օտար» օբյեկտները տարբերող համակարգ։