Ռուսաստանի պաշտպանության փոխնախարար Ալեքսանդր Սուխոռուկովը հայտնել է, որ «Բուլավա» հրթիռային համակարգի սպառազինության ընդունելու մասին հրամանի նախագիծն արդեն պատրաստ է։
Հիշեցնենք, որ «Բուլավան» ծովային տեղակայման միջմայրցամաքային բալիստիկ հրթիռ է, որը ստեղծվել էր «ցամաքային» «Տոպոլ-Մ» հրթիռի հիման վրա։ Անհաջողությունների և սկանդալների բավականին երկար շղթայից հետո 2011 թվականին վերջապես հաջողվեց հրթիռի փորձարկումների ժամանակ հասնել բավարար արդյունքների։ Վերջին փորձարկումները տեղի էին ունեցել 2011 թվականի դեկտեմբերի 23-ին, երբ «Յուրի Դոլգորուկի» սուզանավից միաժամանակ 2 հրթիռ էր արձակվել, որոնք երկուսն էլ խոցել էին թիրախները։ Դրանք «Բուլավայի» 18-րդ և 19-րդ արձակումներն էին։ 19 փորձարկումներից լրիվ կամ մասամբ հաջող էին ճանաչվել 12-ը։
Ենթադրվում է, որ «Բուլավայով» զինված «Բորեյ» տիպի սուզանավերը առաջիկայում կդառնան Ռուսաստանի միջուկային սպառազինության ծովային բաղադրիչի հիմքը։ Ռուսաստանը նախատեսում է ընդհանուր հաշվով կառուցել 10 «Բորեյ» տիպի սուզանավ, որոնցից 2-ը` «Կ-535 Յուրի Դոլգորուկին» և «Կ-550 Ալեքսանդր Նևսկին» փորձարկումներ են անցնում, մեկը կառուցվում է, մեկի հիմնադրումը նախատեսվում է առաջիկա ամիսներին, իսկ ևս 2-ի համար նյութական միջոցների պաշար է կուտակվում։ Սուզանավերից յուրաքանչյուրը կկրի 16 (որոշ տվյալներով` 20) «Բուլավա» տիպի հրթիռ։
Pingback: «Ալեքսանդր Նևսկին» կփորձարկի P-30 «Բուլավան» | Ռազմ.info