Իրանը շարունակում է փակ պահել անցակետերն ադրբեջանական տրանսպորտային միջոցների համար

Իրանը նոյեմբերի 8-ից փակել էր Ջուղայի հսկիչ անցակետը Նախիջևանի հետ սահմանին և Բիլյասուվարինը՝ Ադրբեջանի հետ սահմանին։ Ադրբեջանական կողմը հայտարարել էր՝ բանակցություններից հետո ակնկալում են անցակետերի բացում, սակայն իրավիճակը դեռ լարված է։

 

Իրան-Նախիջևան սահման

Իրան-Նախիջևան սահման

Նոյեմբերի 11-ին Բիլյասուվարի մաքսային վարչության պետ Միրրաֆիգ Միրսուլթանովն ասել է, որ հետիոտներին մասամբ թույլ են տալիս անցակետով դուրս գալ, սակայն ադրբեջանական տրանսպորտային միջոցների հերթ է գոյացել։

ԱՊԱ լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իրանի ու Ադրբեջանի սահմանապահների հանդիպումը որևէ արդյունք չի ունեցել, քանի որ հերթում կանգնած ադրբեջանական ավտոմեքենաների ու բեռնատարների թիվը ժամ առ ժամ ավելանում է։

«Թուրան» լրատվական գործակալությունն էլ իր հերթին հաղորդում է, որ իրավիճակը դեռևս լարված է նաև Նախիջևանի հետ սահմանային անցակետում։ Տրանսպորտային միջոցներին արգելված է հատել սահմանը։ Գործակալությունը փորձել է մեկնաբանություններ ստանալ պատկան մարմիններից։ Ադրբեջանում Իրանի դեսպանատնից հրաժարվել են պարզաբանումներ տալ, իսկ Ադրբեջանի սահմանապահ պետական ծառայության մամուլի ծառայությունն առհասարակ չի արձագանքել։

Ադրբեջանական Anspress գործակալությունը ներկայացրել է սահմանին գոյացած հերթում սպասող բեռնատարների ադրբեջանցի վարորդների հետ հարցազրույցների տեսանյութեր, իսկ virtualaz.org կայքը պարզել է, որ իրականում եղել են Իրանի ու Ադրբեջանի սահմանապահների մի քանի անարդյունավետ հանդիպումներ։

Իրանական կողմը պաշտոնապես չի մեկնաբանել իրավիճակը։

Հիշեցնենք, որ համաձայն Ադրբեջանում Իրանի դեսպանի խոսքերի՝ Իրանի քայլի պատճառն այն էր, որ Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայությունն օրերս փակել էր Փոլդեշթ-Շահթահթի անցակետը։ Դա լուրջ խնդիրներ էր առաջ բերել իրանցի վարորդների ու քաղաքացիների համար։ Իրանը 2 օր բանակցել էր այն բացելու համար, բայց ապարդյուն։

Հավելենք, որ նոյեմբերի 7-ին Ջուղայի անցակետից ոչ հեռու միջադեպ էր գրանցվել։ Ընդ որում, երկու կողմերը միմյանցից տարբեր պատմություն են ներկայացնում։ Ադրբեջանը պնդում է, որ Նախիջևանի ադրբեջանցի տրակտորավարներից մեկն Արաքսի ափին՝ Շարուրի շրջանի Դեմիրչի գյուղին կից, հողային աշխատանքներ է կատարել։ Երկու զինծառայողներ կրակ են բացել տրակտորի ուղղությամբ։ Ադրբեջանի սահմանապահները, ժամանելով դեպքի վայր, պարզել են՝ կրակը բացվել է Իրանի կողմից։

Իրանական կողմը հաղորդում է, որ 2 իրանցի տրակտորավարներ աշխատանքներ էին կատարում սահմանին՝ չեզոք գոտում։ Նրանց ուղղությամբ կրակ է բացվել:

Հետաքրքիր է այն հանգամանքը, որ ադրբեջանական մի շարք լրատվակայքեր, այդ թվում՝ musavat.com-ը, ներկայացրել են միջադեպի իրանական վարկածը։

Նկատենք, որ ներկա դրությամբ Իրանի հետ սրված հարաբերությունների համատեքստում ադրբեջանական մի շարք լրատվամիջոցներ ներկայացնում են «ադրբեջանցի վիրավոր տրակտորավարի» ու վերջինիս հարազատների պատմությունները, ինչն ավելի է սրում Իրանի դեմ տրամադրությունները։

Իրանը հաճախ կիրառում է Նախիջևանի հետ սահմանի փակման հանգամանքը՝ որպես հավելյալ լծակ Ադրբեջանի դեմ։ Խնդիրն այն է, որ Նախիջևանը զրկված է Ադրբեջանի հետ ցամաքային հաղորդակցությունից: Ադրբեջանից Նախիջևան տանող միակ ճանապարհն օդային ուղին է, իսկ ցամաքային միակ ուղին անցնում է Իրանով։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *