Իսրայելն Իրանին հարվածելու որոշումն ինքնուրույն կընդունի. Իրանը դիմում է պատժամիջոցների

Իսրայելը, Իրանի միջուկային ծրագիրը կանգնեցնելու համար, ինքնուրույն կորոշի` արժի հարվածել  այդ երկրի միջուկային օբյեկտներին, թե ոչ: Նման հայտարարություն է արել Իսրայելի բանակի շտաբի ղեկավար, գեներալ Բեննի Հանցը: Նրա հայտարարությունը հնչել է Ազգային անվտանգության հարցերով ԱՄՆ նախագահի խորհրդական Թոմ Դանիլոնի` Իսրայել կատարած այցի ընթացքում: Դանիլոնի այցը պատահական չէր և նպատակ էր հետապնդում համոզել Իսրայելին` Իրանի նկատմամբ միակողմանի գործողությունների չգնալ:

Իսկ Իսրայելի Պաշտպանության նախարար Էխուհդ Բարաքը միջազգային հանրությանը կոչ է արել խստացնել Թեհրանի դեմ պատժամիջոցները, որպեսի Իրանին ստիպեն հրաժարվել միջուկային ծրագրից, որը, ըստ Իսրայելի, նպատակ ունի հասնել միջուկային զենքի ստեղծմանը:

Իրանի` խաղաղ ճանապարհով միջուկային ծրագրից հրաժարվելու օգտին է հանդես եկել նաև ԱՄՆ ԶՈՒ շտաբերի պետերի կոմիտեի նախագահ, գեներալ Մարտին Դեմփսին. «Ես ենթադրում եմ, որ ռազմական բնույթի գործողություններ սկսելու ժամանակը չէ, սակայն Իսրայելն ունի նման հնարավորություն, բայց որոշ պոտենցիալ օբյեկտների իսրայելցիները հասնել չեն կարող»:

Կարծիք կա, որ ԱՄՆ-ն զգուշանում է Իրանի դեմ հավանական պատերազմից, քանի որ պաշտոնական Թեհրանը մեկ անգամ չէ հայտարարել, թե պատրաստ է հավանական պատերազմի ժամանակ հարվածել այն երկրներին, որտեղ տեղակայված է ամերիկյան ռազմաբազա: Նման «սպառնալիքների» տակ են ընկել նաև Թուրքիան և Ադրբեջանը: Վերջինս կարող է Իրանի համար թիրախ դառնալ, եթե Ադրբեջանն իր տարածքից հակաիրանական գործողություններ իրականացի: Օրերս պաշտոնական Թեհրանն արդեն իսկ մեղադրել էր Բաքվին` իր միջուկագետ-ֆիզիկոսի սպանության գործում Իսրայելին աջակցելու մեջ և զգուշացրել վերջինիս, որ նաև Իրանի նկատմամաբ տարածքային հավակնություններ ունի:

Չնայած այն բանին, որ օր-օրի աճում է Իրանի միջուկային ծրագրի շուրջ լարվածությունը, սակայն Արևմուտքը դեռևս խնդիրը փորձում են լուծել պատժամիջոցների միջոցով, որից էլ Իրանը հետ չի մնում` պատասխանելով եվրոպական պետություններին: Ավելի վաղ հայտարարվել էր եվրոպական 6 երկրի նավթի մատակարարման դադարեցման մասին, որը հետագայում հերքվեց, իսկ երեկ` Իրանի նավթի նախարարության մամլո խոսնակ Ալի Ռեզա Նիկզադ Ռահբարը հայտարարել է, որ Իրանը դադարեցնում է նավթի վաճառքը ֆրանսիական և բրիտանական ընկերություններին և այն կվաճառվի այլ ընկերությունների: Սակայն, Իրանի այս քայլը էական վնաս չի հասցնի այդ երկրների տնտեսությանը, քանի որ իրանական նավթը նրանց սպառածի մինչև 3 տոկոսն է կազմում:

Իսկ այս ընթացքում, Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) բարձրաստիճան պաշտոնյաները` գլխավոր տնօրենի տեղակալ Հերման Նաքերթսի գլխավորությամբ, ժամանել են Թեհրան` Իրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցությունները շարունակելու համար:

Փորձագետները այն տեսակետին են, որ Իսրայել-Իրան, ԱՄՆ-Իրան հավանական պատերազմում Իրանը մեծ հնարավորություններ չունի հաղթելու համար, սակայն կարող է բավական թանկ նստել այդ պետությունների վրա: Իսկ նման պատերազմը կարող է տարածաշրջանային այլ պատերազմների առիթ դառնալ և հանգեցնել բնապահպանական աղետների:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *