Քաթարը նախատեսում է նոր կործանիչներ գնել Աշխարհի ֆուտբոլի առաջնությունից առաջ

Քաթարի պաշտպանության նախարարությունը նոր կործանիչների փնտրտուքների մեջ է, որոնցով նախատեսում է փոխարինել ֆրանսիական արտադրության «Միրաժ 2000-5» կործանիչները։ Թե ինչ թվով կործանիչների մասին է խոսքն ու երբ է կնքվելու փոխանցման պայմանագիրը, դեռևս հայտնի չէ։ Սակայն հայտնի է, որ Քաթարի իշխանությունները նախատեսել են մարտական ինքնաթիռների պարկը թարմացնել մինչև 2022 թվականն անցկացվելիք ֆուտբոլի աշխարհի առաջնության համար։

ԱՄՆ ռազմածովային ուժերի F/A-18E Super Hornet կործանիչը

ԱՄՆ ռազմածովային ուժերի F/A-18E Super Hornet կործանիչը

Ավելի վաղ Քաթարի պաշտպանության նախարարությունը մարտական ինքնաթիռների վերաբերյալ հարցում էր անցկացրել, որին արձագանքել էին ֆրանսիական Dassault, ամերիկյան Boeing և Lockheed Martin ընկերություններն ու եվրոպական  Eurofighter կոնսորցիումը։

Նրանք առաջարկել էին Քաթարի զինվորականներին Rafale, F/A-18E/F Super Hornet, F-16 Fighting Falcon և Typhoon տեսակի ինքնաթիռներ։ Բացի կործանիչներ գնելուց, Քաթարը նախատեսում է նաև իր երկրի տարածքում ցամաքային տեխնիկների պատրաստման կենտրոն բացել։

Այս պահի դրությամբ BAE Systems ընկերությունը, որը ներկայացնում է Eurofighter կոնսորցիումի շահերը, Քաթարին կործանիչներ տրամադրող ամենահավանական թեկնածուն է։

Այս տարվա նոյեմբերին ընկերությունը Դոհայում Typhoon ինքնաթիռների ցուցադրական թռիչքներ է իրականացրել։

Ըստ Flightglobal MiliCAS տեղեկատվական աղբյուրի՝ Քաթարի ՌՕՈւ-ն թռիչքներ է կատարում 13 միավոր «Միրաժ 2000-5EDA/DDA» կործանիչներով, որոնք ձեռք էր բերել 1997 թվականին։

Այժմ Քաթարում ռազմաօդային ուժերի պարկի ավիատեխնիկայի արդիականացման ծրագիր է իրականացվում։ Այս ծրագրի շրջանակներում բեռնատար ավիացիան արդեն նոր ինքնաթիռներ է ստացել։
Վերջին տարիների ընթացքում ՌՕՈւ-ն ստացել է 3 միավոր C-17 Globemaster III և 4 միավոր C-130J Super Hercules բեռնատար ինքնաթիռներ։

Ամերիկյան F/A-18E/F Super Hornet կործանիչը F/A-18-ի խորը արդիականացումն է։ Անձնակազմը 1 օդաչու է։ Ինքնաթիռի «դատարկ» զանգվածը մոտ 14.5 տոննա, առավելագույն թռիչքային զանգվածը՝ մոտ 30 տոննա։ Թռիչքի առավելագույն բարձրությունը մոտ 15 կմ է, առավելագույն հեռավորությունը՝ ավելի քան 2000 կմ։

Զինված է 6 փողանոց Մ61Ա1 20 մմ թնդանոթով, թևերին ունի 11 կախոց, որոնք կարող են տեղափոխել ինչպես մի շարք կառավարվող ու չկառավարվող հրթիռներ, այնպես էլ տարբեր ավիառումբեր։ Կործանիչը կարող է կրել նաև միջուկային սպառազինություն։

Կործանիչի մեկ միավորի գինը մոտ 67 մլն ԱՄՆ դոլար է։ Ներկայումս նման ինքնաթիռներ կան ԱՄՆ ռազմածովային և Ավստրալիայի ռազմաօդային ուժերի սպառազինության մեջ։

Rafele կործանիչը ֆրանսիական արտադրության 4-րդ սերնդի կործանիչ է։ Առաջին թռիչքն արել է 1986 թվականին։ Սպառազինված է «օդ-օդ» MICA, AIM-9, AIM-120, AIM-132, MBDA Meteor և «օդ-մակերևույթ» «Apache», AM.39, Storm Shadow, AASM հրթիռներով։

F-16 Fighting Falcon ամերիկյան կործանիչն իր առաջին թռիչքն արել է 1974 թվականին։ Մեկ միավորի արժեքը 34 մլն ԱՄՆ դոլար է։ Սպառազինված է «օդ-օդ»  AIM-7, 6xAIM-9, 6xAIM-120, AIM-132, Python 3, Python 4 և «օդ-մակերևույթ» 6xAGM-65A/B/D/G, AGM-45, 2xAGM-84, 4xAGM-88, AGM-154 JSOW, AGM-158 JASSM, Penguin Mk.3 հրթիռներով։ Ունի 9 կախոց։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *