«Ջերալդ Ֆորդ» ատոմային ավիակիրը ջուրն է իջեցվել

Ամերիկյան նորագույն «Ջերալդ Ֆորդ» ատոմային ավիակիրը ջուրն է իջեցվել։ Հանդիսավոր արարողությունն անցկացվել է նոյեմբերի 9-ին Վիրջինիա նահանգի Նյուպորտ Նյուս նավաշինարանի տարածքում, տեղեկացնում է AP գործակալությունը։

Տոնական շամպայնի շիշը նոր նավին հարվածով կոտրելու ավանդույթի իրականացումը վստահվել է ԱՄՆ 38-րդ նախագահ Ջերալդ Ֆորդի դստերը՝ Սյուզան Ֆորդ Բեյլզին։

Հաջորդ տարիներին ևս «Ջերալդ Ֆորդ» ավիակիր նավի վրա աշխատանքները շարունակվելու են։ ԱՄՆ ռազմածովային ուժերի ներկայացուցիչների փոխանցմամբ՝ ներկայում ավարտված է աշխատանքների 70 տոկոսը, իսկ նավը նախատեսվում է շահագործման հանձնել 2015 թվականին, ինչից հետո այն կսկսի մի շարք ծովային փորձարկումներ անցնել։

Սպասվում է, որ ԱՄՆ ռազմածովային ուժերի սպառազինությունում նավը կհայտնվի 2016 թվականին։

Ընդհանուր առմամբ, Միացյալ Նահանգների զինված ուժերը պետք է ստանա 10 միավոր «Ջերալդ Ֆորդ» տիպի ավիակիր, որոնցով փոխարինվելու են «Նիմից», «Էնթերփրայզ» տիպի արդեն հնացած մի շարք ավիակիրներ։

«Ջերալդ Ֆորդ»-ը վերջին 40 տարում առաջին նոր տիպի ավիակիրն է ԱՄՆ-ում։ Նրա կարևոր առանձնահատկություններից է այն, որ ունակ է լինելու ընդունել տարբեր տեսակի տախտակամածային անօդաչու թռչող սարքեր։ Միևնույն ժամանակ այն հատուկ հարմարեցված է լինելու հինգերորդ սերնդի F-35 կործանիչների համար։

Ատոմային ավիակիրի ստեղծվան համար ծախսվել է 42.5 մլրդ ամերիկյան դոլար՝ 2 մլրդ դոլարով ավել, քան նախատեսվում էր։ Ստեղծողները նախատեսում են խնայել շահագործման ընթացքում, քանի որ այս տիպի ավիակիրներն ավելի քիչ անձնակազմ են պահանջում։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *