Այսօր Երկրապահ կամավորականների 9-րդ համագումարում ելույթներ են ունեցել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը և բարձրաստիճան այլ այրեր: Նրանք հիշել են Արցախյան ազատամարտը և ԵԿՄ-ի անցած ուղին: Իսկ Սիրիայի շուրջ առաջացած լարվածությունը կքննարկվի «Սիրիայի բարեկամների» կողմից, որոնց շարքում ընդգրկվել են նաև Ռուսաստանն ու Չինաստանը, որոնք դեմ են հանդես գալիս Ասադի իշխանազրկմանը:
- «Երկրապահը սահմանապահ չէ, նա հենց հայրենիքի սահմանն է»,- համագումարում հայտարարել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:
- «Դադարած, բայց չավարտված պատերազմը մեզ պարտադրում է մարտնչել «զինադադարի ռեժիմ» կոչվող պայմաններում: Հակառակորդը միշտ փորձում է թույլ կետեր գտնել մեր պաշտպանության մեջ և, ստանալով վճռական հարված, առժամանակ սսկվում է»,- նույն համագումարում ասել է Սեյրան Օհանյանը:
- ԼՂՀ ՊՆ հրամանատար Մովսես Հակոբյանն էլ հիշել է կամավորների անցած ուղին ու հաջողությունները և նշել, որ այդ հաղթանակը զարմացրեց օտարազգի ռազմական փորձագետներին:
- ՀՀ ԱԺ պատգամավորները ԼՂՀ-ում այցելել են ՊԲ զորամասերից մեկը և ծանոթացել զորամասի պայմաններին և զինծառայողների առօրյային:
- Այս շաբաթ ևս ադրբեջանական կողմը 250 անգամ խախտել է հրադադարի ռեժիմը` արձակելով 1000-ից ավելի կրակոց:
Միջազգային լուրերը հայկական մամուլում
- Չինաստանը կոչ է անում Սիրիայի հակամարտության երկու կողմերին՝ հանդարտություն ցուցաբերել և զերծ մնալ բռնություններից:
- Իսկ Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադը հայտարարել է, որ ընդդիմադիր ուժերը, որոնք 11 ամիս շարունակ երկրում անկարգություններ են հրահրում, «դեմոկրատիան կիրառում են որպես խայծ` երկիրը պառակտելու համար»:
- Չինաստանը և Ռուսաստանը հրավիրվել են մասնակցելու «Սիրիայի բարեկամների» միջազգային կոնֆերանսին: Ասել է Թունիսի ԱԳ նախարար Ռաֆիկ Աբդեսսալամը և հավելել, որ կոնֆերանսի նպատակն է մեծացնել ճնշումը Սիրիայի ներկայիս վարչակարգի վրա: «Թունիսը կտրականապես դեմ է ռազմական միջամտությանը և երբեէ չի դառնա մեկնարկային ուղի` մեկ այլ արաբական պետության դեմ ռազմական միջամտության համար»,- եզրափակել է նա:
- Մեծ Բրիտանիայի արտգործնախարար Վիլյամ Հեյգը հայտարարել է, որ եթե Իրանին հաջողվի միջուկային զենք ստեղծել, աշխարհը կվերադառնա 1960-ական թթ. «սառը պատերազմի» վիճակին:
- Հինգշաբթի օրը` եգիպտական կողմից թույլտվություն ստանալուց հետո, իրանական նավերը` ավիակիրը և ուղեկցող նավը, անցել են Սուեզի ջրանցքով և, մտնելով Միջերկրական ծով, մոտեցել Սիրիայի ափերին: Այցը հայտարարվել է ռազմածովային զորավարժություններին մասնակցելու նպատակ: