Ադրբեջանի ՊՆ-ն հերքում է տանկի մասնակցությամբ արձանագրված պատահարը

Նոյեմբերի 8-ին Բեյլագանում  Տ-72 տանկը մտել է ավտոբուսի մարդաշատ կանգառներից մեկը, գետնին հավասարացրել այն, ավտոմեքենաների վրայով անցնելով՝ ընկել ջրանցքը։ ԱՊԱ գործակալությունը հաստատել էր լուրը, իսկ ՊՆ-ն հերքում է:

Ականատեսների լուսանկարը՝ դեպքի վայրից

Ականատեսների լուսանկարը՝ դեպքի վայրից

Հիշեցնենք, որ ադրբեջանական virtualaz.org լրատվական կայքը, ներկայացնելով երկու լուսանկար, գրել էր՝ դեպքի վայր են ժամանել ոստիկաններն ու զինծառայողները, խստիվ արգելել լուսանկարահանում և տեսանկարահանում կատարել։

Ժամեր անց ադրբեջանական ԱՊԱ իշխանամետ լրատվական գործակալությունը, հղում տալով Բեյլագանի զորամասերից մեկին, տեղեկացրել էր՝ տանկը պատկանում էր Բեյլագանի զորամասերից մեկին, գլխավորում էր «Շահսևան» երկաթգծային կայարանից դեպի Բեյլագան ուղևորվող տանկային շարասյունը: Տանկը փորձել է ճանապարհ տալ հանդիպակաց գծով շարժվող ավտոմեքենաներին, սակայն դրա հետևանքով դուրս էր եկել ճանապարհից ու ընկել ջրանցքը։

Նոյեմբերի 9-ին արդեն նույն ԱՊԱ-ն ներկայացնում է Ադրբեջանի պաշտպանության նախարարության մեկնաբանությունը.

«Որոշ լրատվամիջոցներ գրել են՝ իբր Բեյլագանի զորամասի տանկի պատճառով ՃՏՊ է եղել: Մենք հայտարարում ենք՝ այդ տեղեկությունները հիմք չունեն և ապատեղեկատվություն են: Խորհուրդ ենք տալիս ուշադիր վերաբերել ռազմական նշանակության լուրերին և դրանք տարածել միայն ստուգելուց հետո»:

Այսպիսով, ստացվում է՝ Ադրբեջանի ՊՆ-ն հերքում է ականատեսների վկայությունը, համացանցում տարածված սիրողական լուսանկարները, որտեղ հստակ երևում է ավտոբուսի կանգառում կանգնած տանկը, վերջապես իշխանամետ գործակալության հաղորդած նախնական տեղեկությունը, որի աղբյուրը Բեյլագանի զորամասից է:

Ինչպես գրում է ադրբեջանական haqqin.az լրատվակայքը, տանկի միջադեպին նման արձագանքը հերթական բողոքի ալիքի պատճառ է դարձել Ադրբեջանի ՊՆ-ի, մասնավորապես՝ մամուլի ծառայության դեմ: «Ստացվում է՝ կամ ԱՊԱ-ն է ստել, կամ էլ ՊՆ-ն է ստում: Բայց չէ՞ որ ԱՊԱ-ն իշխանամետ, լուրջ գործակալություն է, ունի իր ճշտված աղբյուրները, բացի այդ էլ վերջիվերջո լուսանկարներ կան, իսկ եթե ՊՆ-ն է խեղաթյուրում իրականությունը, ուրեմն նույնիսկ կադրային նոր փոփոխությունները բարեփոխում չդարձան այս գերատեսչության մամուլի ծառայությունում»,-եզրափակում է կայքը:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *