Նրանք երդվում են՝ ապրել և հաղթել, հաղթել և ապրել. 1 օր «Փոքր Մհեր» կրթահամալիրում

Հետախույզի օրն Արզնիի օդանավակայանում հետախույզներին շնորհավորելու էին գնացել նաև «Փոքր Մհեր» կրթահամալիրի սաները։ Ռազմինֆոն հայկազունների հետքերով այսօր «Փոքր Մհեր» կրթահամալիրում էր։

Փոքր Մհեր

 

Հսկիչ-անցագրային կետից մեզ ընդունեցին կրթահամալիրի ՀԱԿ-ի հերթապահները։ Հրազդանի կիրճում գտնվող այս դպրոցը ինչ-որ տեղ հիշեցնում է զորամաս։ Շարահրապարակ, արգելագոտի, համազգետսով տղաներ, սպաներ։

Դպրոցում մեզ ընդունեց «Փոքր Մհեր» կրթահամալիրի ոչ հանրակրթական (մասնագիտական) ուսումնական աշխատանքների գծով տնօրենի տեղակալ Նարա Դավթյանը։

Խոսելով դպրոցի մասին՝ Նարան առաջին հերթին կարևորեց, որ դպրոցը ոչ թե զինվորական կրթություն է տալիս, այլ համակողմանի զարգանալու հնարավորություն։

«Անկախ տարիքային խմբից՝ այս երեխաները զինվոր չեն, նրանք երեխա են։ Մենք չենք կարող նայել նրանց այնպես, ինչպես ակադեմիայում՝ կուրսանտին, բանակում՝ զինվորին, չնայած համազգեստ են հագնում»,- նշում է Նարա Դավթյանը։

Նարա Դավթյան

Նարա Դավթյան

Կրթահամալիր ընդունված սաներին տրվում է «հայկազուն» անունը, բայց ինչպես է բանակում, դեռ պետք է երդման արարողություն լինի։

«Գիտեք՝ շատ հետաքրքիր արարողություն է մեր երդման արարողությունը։ Նրանք երդվում են՝ ապրել և հաղթել, հաղթել և ապրել։ Մեր միակ ցանկությունն այն է, որ նրանք միայն հաղթելու և ապրելու մասին մտածեն, այլ ոչ թե կյանքը տալով մեռնելու»,- բացատրում է տնօրենի տեղակալը։

Զրույցում պարզեցինք, որ մինչև երդման արարողությունը նրանք օծվում են «Թուր Կեծակի»-ով և «Խաչ պատերազմի»-ով։ «Խաչ պատերազմի» վզնոցներն անվանական են, կրթահամալիրի բոլոր սաներն ունեն։

«Մենք տոն օրերին տալիս ենք, հետո հավաքում։ Երբ ավարտում են կրթահամալիրը, մենք նրանց նվիրում ենք այն, ու իրենք ամբողջ կյանքում կրում են «Հայկազունի» պատվավոր կոչումը։ Այս տարի երդման արարողության ժամանակ վզնոցների հանձման արարողությանը հրավիրել էինք 30 ազատամարտիկի, որոնք էլ հերթով նվիրում էին վզնոցները»,- պատմում է Նարա Դավթյանը։

Դավթյանը զուգահեռներ է տանում նաև մեր էպոսի հետ՝ նշելով, որ կրթահամալիրի սաները Փոքր Մհերի սաներն են։ Փոքր Մհերը դուրս է եկել Ագռավաքարից ու ի դեմս այս երեխաների՝ սկսել է իր գործունեությունը։

«Երեխաները վաղն իրենք են լինելու մեր տան տերերը։ Մեզնից յուրքանչյուրն իր վրա պարտավորվածություն է վերցնում։ Այսօր մենք կառուցում ենք մեր վաղվա ապագան, եթե մեր ապագան խարխլված է, ապա մեղավորը մեզնից յուրքանչյուրն է»,- հավաստիացնում է դպրոցի տնօրենի տեղակալը։

«Խաչ պատերազմի» վզնոցը

«Խաչ պատերազմի» վզնոցը

Երդման արարողությունից հետո սաներին տրվում է «Հայկազուն» կոչումը։ Նրանք կրում են կրթահամալիրի խորհրդի կողմից հաստատված համազգեստ։ 6-րդ և 7-րդ դասարաններում սովորողները «կրտսեր հայկազուն» են համարվում, 8-9-րդ դասարանցիները՝ «հայկազուն», իսկ ավագ դասարաններում սովորողներն ավարտում են «ավագ հայկազուն» կոչումով։

Առավոտյան վերկացից հետո մարմնամարզություն, նախաճաշ, հետո՝ տողան։ Տողանի ժամանակ հնչում է Հայաստանի Հանրապետության օրհներգը, որը երգում են նաև երեխաները, բարձրացվում է դրոշը։ Այնուհետև հնչում է կրթահամալիրի օրհներգը, բարձրացվում դրոշը։ Դրանից հետո սաները շարային երթով գնում են դասի։

Կրթահամալիրը դասընթացը կազմակերպում է երկու հերթով։ Առաջին հերթը սկսվում է առավոտյան ժամը 9։00-ից, իսկ մյուսը կես ժամ ուշ՝ 9։30-ին։ Խնդիրը ճաշարանի հարցն է։

Նարա Դավթյանի հավաստիացմամբ՝ եթե ճաշարանի խնդիրը կարողանային լուծել, ապա մեկ հերթափոխով կարելի է դասերը կազմակերպել, քանի որ ուսուցիչների և դասարանների պակաս չունեն։

Դպրոցն աշխատում է ննջարանային ձևով։ Երեխաների ողջ օրն անցնում է դպրոցի տարածքում։ Միայն շաբաթ-կիրակի հնարավորություն է տրվում տուն գնալ։

Հայկազունը գիրք է կարդում Նկարված է դիմացի պատուհանից

Հայկազունը գիրք է կարդում
Նկարված է դիմացի պատուհանից

Սաները սովորում են հանրակրթական դպրոցների ծրագրով։
«Հանրակրթական ծրագրերն իրականացվում է ԿԳՆ-ի տված ծրագրով։ Չնայած ռազմական պատրաստության համար մենք մի փոքր ավելի մեծ տեղ ենք տալիս ֆիզիկա, մաթեմատիկա և պատմություն առարկաներին։ Ժամը 5-ից սկսվում են ռազմամարզական պարապունքները»,- ներկայացնում է Նարա Դավթյանը։

Բացի հանրակրթական ծրագրերից, կազմակերպվում են հայրենասիրական դասընթացներ, որի շրջանակներում երեխաները սովորում են մեր հերոսների պատմությունը, ծանոթանում են պետության կառուցվածքին, Սահմանադրությանը։ Ներկայացվում է նաև ռազմական պատմություն։
Երեխաները սովորում են առաջին բուժօգնություն, ունեն հոգեբանի հետ աշխատելու հատուկ ժամեր։

Սաների մոտ պատմության դաս էր. Թեման՝ Տիգրան Մեծ

Սաների մոտ պատմության դաս էր. Թեման՝ Տիգրան Մեծ

 

«Քանի որ ամենատարբեր ընտանիքներից են այստեղ գալիս, հոգեբանի հետ աշխատանքը շատ ենք կարևորում։ Միգուցե հարցեր լինեն, որ նրանց վստահեն, հաճախ հենց սպաների հետ են զրուցում։ Այստեղ երեխաներ կան տարբեր ընտանիքներից՝ սկսած զինվորականի ընտանիքներից, մինչև երկկողմանի ծնողազուրկ երեխաներ»,- նշում է Դավթյանը։

«Այստեղ հավասարության սկզբունքն է, կա մեկ գաղափար ու բոլորը այդ գաղափարի շուրջ են համախմբված։ Մենք այստեղ մի մեծ ընտանիքն ենք, մենք չենք նայում որպես դպրոցի, այլ համարում ենք «Փոքր Մհեր» ընտանիք»,- հավաստիացնում է տնօրենի տեղակալը։

Դպրոցում հետաքրքիր ձևաչափ կա, երեխաներն ընդգրկված են տարբեր ջոկերում, որոնք էլ կրում են մեր թագավորությունների, իշխանական տների անունները։ Յուրաքանչյուր ջոկն ունի իր դրոշն ու զինանշանը։

Հայկազուններ

Հայկազուններ

Հայկազուններն, ըստ տարիքային խմբերի, բաժանվում են հետևյալ ջոկերի՝

Հայկյան ջոկ
Արարատյան ջոկ
Արտաշեսյան ջոկ
Արշակունյաց ջոկ
Մամիկոնյաց ջոկ
Արծրունյաց ջոկ
Բագրատունյաց ջոկ
Կիլիկյան ջոկ
Օրբելիների ջոկ
Ֆիդայական ջոկ
Սարդարապատի ջոկ
Արցախյան ջոկ

Կրթահամալիրի տնօրեն Արայիկ Մուրադյան

Կրթահամալիրի տնօրեն Արայիկ Մուրադյան

Ռազմինֆոն հետաքրքրվեց նաև, թե ինչ տարբերություն կա Մոնթե Մելքոնյանի անվան ռազմական վարժարանի և «Փոքր Մհեր» կրթահամալիրի միջև։

Մոնթե Մելքոնյանի անվան ավագ դպրոցը ենթարկվում է պաշտպանության նախարարությանը, դիտվում է որպես զորամաս։ Մենք ավելի փոքր տարիքից ենք կրթում, նրանք միայն ավագ դպրոց ունեն։ Մենք ավելի ճկուն ենք, քանի որ երեխային կարող ենք այլ բուհեր ուղղորդել։

Այստեղից շա՞տ են դիմում ռազմական ակադեմիա։

50 տոկոսից ավելին, չնայած վերջին երկու տարիներին մենք հանդիպեցինք մի խնդրի, որը մեզ մտահոգում է։ Երեխաները դուրս են մնում առողջական խնդիրների պատճառով։ Երբ նրանք գալիս են, մենք պարտադիր ստուգում ենք նրանց առողջական վիճակը, բայց ռազմական ինստիտուտում չափանիշներն ավելի խիստ են։

Անցած տարին 7 հոգի են ընդունվել, այս տարի՝ 3 սան։ Դիմել էին 11-ը, բայց ընդունվեցին 3-ը։ Չմոռանանք նաև Արմենակ Խամփերյանցի անվան ավիացիոն ինստիտուտի մասին։ Այնտեղ էլ սովորում են երկու հայկազուն։ 2005-2012 թթ կրթահամալիրն ավարտել են 161 հայակզուն, որոնցից 71 ընդունվել են բուհեր։

Պարապունքներ

Պարապունքներ

— Հին շրջանավարտների հետ կապն ինչպե՞ս եք պահում։

Մենք մի ավանդույթ ունենք, որ նրանց երբեք չենք մոռանում։ Ամեն տարի սեպտեմբերին մենք հավաքում ենք մեր ավարտած հայկազուններին։ Անգամ նրանք, ովքեր զինվորականներ են, հենց արձակում են ստանում գալիս, տեսնում են, թե ինչ է կատարվում այստեղ։ Մենք մի մեծ ընտանիք ենք։

Հայաստանի ո՞ր հատվածներից սաներ ունեք։

Արցախից 6 հոգի ունենք, մարզերից, ինչպես նաև Ջավախքից։ Հիմա Արցախում կա Քրիստափոր Իվանյանի անվան ռազմա-մարզական վարժարան, որի հետ մենք համագործակցում ենք։

Դպրոցից երեխաներին հեռացնո՞ւմ եք։

-Այո, լինում են դեպքեր։ Եթե երեխային մենք հեռացնում ենք, ապա «Խաչ պատերազմին» ոչնչացվում է։ Կան բաներ, որ մեզ համար աններելի են։ Օրինակ՝ չարամտորեն չսովորելը, ուրիշներին խանգարելը, դպրոցի տարածքը լքելը։ Հիմքը և կարգապահությունը պահելու համար մենք գնում ենք զինվորական կարգերով։

Կապ կա՞ հանրակրթական այլ դպրոցների հետ։

Հատուկ ծրագրեր կան դպրոցների հետ։ Գալիս են 10 հոգի, նրանց միանում են մեր ջոկերից ևս 10 հոգի, դասապրոցեսի, գործնական պարապունքներից հետո դասախոսները գնահատում են դպրոցականներին։ Մեր երեխաները սովորեցնողի դերում են լինում, դրանից հետո նրանց պարգևատրում ենք։

Կրթահամալիրն ունի շենքային պայմանների խնդիր, որի պատճառով մի մասնաշենք է կառուցվել Նուբարաշենում։ Հույս կա, որ հաջորդ ուսումնական տարվանից Նուբարաշենում կգործի հիմնական դպրոցը։ Իսկ ավագ դպրոցը կմնա Քանաքեռավանում։

 

 

 

 

 

One response to “Նրանք երդվում են՝ ապրել և հաղթել, հաղթել և ապրել. 1 օր «Փոքր Մհեր» կրթահամալիրում

  1. Pingback: Զինվորական վերջին զանգ. շրջանավարտները «Փոքր Մհեր» կրթահամալիրի հայկազուններն են (ֆոտո, վիդեո) | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *