Փակված անցակետերը լուրջ խնդիր են Ադրբեջան-Նախիջևան ցամաքային կապի հարցում. իրանագետ

Այսօր հայտնի է դարձել, որ Իրանը փակել է սահմանային երկու կարևոր անցակետ Ադրբեջանի հետ։ Ընդ որում, անցակետերից մեկն ապահովում է Նախիջևանի հետ կապը։ Ռազմինֆոն փորձեց պարզաբանել իրավիճակն իրանագետ Վարդան Ոսկանյանի հետ զրույցում։

Իրան-Նախիջևան սահման

Իրան-Նախիջևան սահման

Արդյո՞ք անցակետերի փակման իրական պատճառը նոյեմբերի 7-ին Ջուղայում գրանցված սահմանային միջադեպն էր։

—Թերևս, այո´։ Միջադեպի հետևանքով տուժել են Իրանի քաղաքացիներ։ Նոյեմբերի 7-ին իրանցիները Նախիջևանի հետ սահմանին հողագործական աշխատանքներ են տարել, նրանց ուղղությամբ կրակ են բացել։ Իրանն ուղիղ չի նշում՝ կրակ բացողն ով է, մինչդեռ Ադրբեջանը վկայում է՝ իբր տուժողն ադրբեջանցի էր, մեղավորն էլ Իրանի սահմանապահներն էին։

Այսքանից հետո էլ Ադրբեջանը 2 օր առաջ առանց զգուշացնելու սահմանային անցակետ է փակում Իրանի հետ։ Իրանի քաղաքացիները չեն կարողանում վերադառնալ։ Ուստի, Ադրբեջանի քայլին ի պատասխան՝ Իրանն այսօր զգուշացնելուց հետո միայն փակում է 2 կենսական անցակետ, որոնք Ադրբեջանի համար են շատ ավելի կարևոր են, քան թե իր։

Ի՞նչի կարող է հանգեցնել անցակետերի փակումը։

—Ճիշտ է՝ Իրանը չի փակել բոլոր անցակետերը, գործում է օրինակ Փարշաբադինը, բայց Ջուղայինն ու Բիլյասուվարինը խիստ նշանակալից են հենց Ադրբեջանի համար։ Ադրբեջանը փակ անցակետերի պայմաններում լուրջ տրանսպորտային խնդիրներ կունենա, կխաթարվի հաղորդակցությունը Նախիջևանի հետ։

Կա նաև հարցի դիվանագիտական կողմը։ Իրանի հետ շփումները դիվանագիտական հարթակներում էլ ավելի կլարվեն, իսկ երկու երկների հարաբերությունները, ինչպես գիտենք, առանց այն էլ կարգավորման լուրջ հեռանկարներ չունեն։

Եթե անդրադառնանք այն հարցին, թե ինչու Ադրբեջանն առաջինը կտրուկ անցակետ փակեց, ապա, միգուցե, Ադրբեջանում հոկտեմբերի 9-ին կայացած նախագահական ընտրություններից հետո, երբ Արևմուտքը խիստ քննադատեց դրանք, այսօր Ադրբեջանն Իրանի հետ շեշտակի քայլ է թույլ տալիս՝ արևմտյան երկրներին հաճոյանալու նպատակով։ Սա Արևմուտքին սիրաշահելու այնքան էլ խելամիտ քայլ չէր։

Ինչու՞ Իրանը չի արձագանքում միջադեպին ավելի բարձր պետական մակարդակով։

—Դե նախ սա սովորական սահմանային միջադեպ է, ինչը հատկապես Ադրբեջանի հետ սահմանային շրջաններում բացառիկ չէ։ Դեռևս 2011-ին Իրանը պաշտոնապես բողոքի նոտա էր հղել Ադրբեջանին՝ իր սահմանապահի վրա կրակ բացելու ու նրան սպանելու համար։ Այս անգամ Իրանը սահմանափակվել է Ադրբեջանում իր դեսպանի հայտարարությամբ։ Քաղաքակիրթ երկրներում սահմանային միջադեպերը հարթվում են սահմանապահ ծառայությունների երկկողմ հանդիպումների ու բանակցությունների միջոցով, սակայն Ադրբեջանն իր դիրքորոշմամբ հօդս է ցնդեցնում այս հնարավորությունը։

Ի՞նչ եք կարծում՝ որքան ժամանակ փակ կմնան անցակետերը։

—Դժվար է ասել, կախված է երկկողմ բանակցությունների արդյունքներից։

Հիշեցնենք, որ ներկա դրությամբ փակ է Բիլյասուվարի անցակետը, ինչի պատճառով ավելի քան 200 տրանսպորտային միջոց և Ադրբեջանի շուրջ 1000 քաղաքացիներ չեն կարողանում վերադառնալ Ադրբեջան։

Ադրբեջանական «Թրենդ» լրատվական գործակալությունը նշում է, որ փակվել է նաև մեկ այլ կարևորագույն սահմանային անցակետ Ջուղայում, որը սահմանակից է Նախիջևանին։ Ադրբեջանում Իրանի դեսպանը հայտարարել է, որ Իրանն այդպիսի որոշում է ընդունել Ադրբեջանի կողից Փոլդեշթ-Շահթահթի անցակետը փակելուց հետո։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *