Թուրքիան ու չինական ՀՕՊ համակարգը կամ սակարկում թուրքական ոճով

Թուրքիան վերջին շաբաթներին ստիպում էր ԱՄՆ-ին և ՆԱՏՕ-ին մշտապես իր հասցեին դժգոհություններ հնչեցնել։ Լրջագույն դժգոհությունը կապված էր Անկարայի՝ չինական մեծ հեռահարության հակաօդային պաշտպանության համակարգերի ընտրության հետ։

Ներկայում Թուրքիան կարծես փորձում է որոշակի հետ քայլ անել՝ ակնարկելով, որ մրցավազքը դեռ բաց է, և հաղթողը վերջնականապես որոշված չէ։

Սեպտեմբերի 26-ին Թուրքիայի վարչապետ Թայիփ Էրդողանի գլխավորությամբ և պաշտպանության նախարարի, գլխավոր շտաբի պետի ու ռազմարդյունաբերական քարտուղարության ղեկավարի մասնակցությամբ ռազմարդյունաբերական հանձնաժողովի նիստի ժամանակ ընդունված որոշումը կարելի է ասել, որ պատմական էր։ Նիստի ժամանակ քննարկվում էր հակաօդային և հակահրթիռային պաշտպանության T-Loramids նախագիծը, որով նախատեսվում էր Թուրքիայի համար գնել մեծ հեռահարության զենիթահրթիռային համալիրներ, որոնք այդ երկիրը ներկայում չունի։

Իսկ 3-4 մլրդ դոլար արժողությամբ պայմանագրի համար պայքարում էին ամերիկյան «Փեթրիոթ» (Patriot PAC3), ռուսական Ս-300, ֆրանս-իտալական Սամպ Տ (Samp T) ՀՕՊ համակարգերը, ինչպես նաև չինական CPMIEC ընկերությունը, որն արտադրում է HQ-9 (արտահանման տարբերակ՝ FD-2000):

Թեև առաջին հայացքից գլխավոր ֆավորիտն ամերիկյան համալիրներն էին, որոնցից ՆԱՏՕ-ն այս տարվա հունվարից Թուրքիայի խնդրանքով ժամանակավոր տեղակայել էր այդ երկրի տարածքում. Անկարան նշում էր, թե «Փեթրիոթ» համալիրների տեղակայումը երկրում թույլ կտա պաշտպանվել Սիրիայից, որտեղ 2 տարուց ավել քաղաքացիական պատերազմ է։

Ամեն դեպքում, հանձնաժողովը կանգ առավ Չինաստանի առաջարկած տարբերակի վրա, այն է՝ HQ-9 ՀՕՊ համակարգերը։

Իսկ թուրքական ընտրության հիմնավորումը հետևյալն էր՝

”          չինացիներն առաջարկում են ամենամատչելի տարբերակը,

”          չինացիները կողմ են համատեղ արտադրությանը Թուրքիայի տարածքում,

”          չինացիները բավարարում են թուրքերի ժամկետային պահանջները։

Ըստ ոչ պաշտոնական տեղեկությունների՝ նախատեսվում է չինական ընկերության հետ, որի նկատմամբ, ի դեպ, ԱՄՆ-ն պատժամիջոցներ է սահմանել, 3-3.4 մլրդ ամերիկյան դոլար արժողությամբ պայմանագիր կնքել, Թուրքիայում հիմնել համատեղ արտադրություն՝ հետագայում դրանք արտահանելու հնարավորությամբ։

Թուրքիան ներկայում մեծ ուշադրություն է դարձնում սեփական ռազմարդյունաբերության  զարգացմանը, և այս տրամաբանությամբ չինական տարբերակի ընտրությունն ընդունելի էր երևում, քանի որ միայն նրանք էին թուրքերին առաջարկել համատեղ արտադրություն Թուրքիայի տարածքում։ Միևնույն ժամանակ վերջին շրջանում սպասելի էր, որ Թուրքիան պետք է փորձի Չինաստանի հետ խոշոր գործարք կնքել՝ խորացնելու հարաբերություններն այդ երկրի հետ։ Անկարան ներկայում Արևելքում նոր գործընկերներ փնտրելու քաղաքականություն է վարում, իսկ Չինաստանի հետ հարաբերությունների զարգացումը հնարավորություն կտա  թուրքերին նաև փոքրացնել կախումն ԱՄՆ-ից, ինչպես նաև Եվրամիությանն այլընտրանք գտնել։

Մյուս կողմից էլ պայքարում ամերիկյան «Փեթրիոթներն» էին, որոնք ունեն մարտական փորձ, աշխարհի առաջատար ՀՕՊ համակարգերից են, թուրք մասնագետները որոշակիորեն ծանոթ են դրանց։ Եվ այս հարցում գալով ամենակարևորին՝ նշենք, որ Անկարան գնելու էր  իր ռազմական դաշնակցի արտադրանքը, իսկ «Փեթրիոթները» հեշտությամբ կինտեգրվեին ՆԱՏՕ-ի համակարգերին, որը չինական տարբերակի դեպքում անհնար խնդիր է, ինչն էլ հավաստում են Սպիտակ տանը և Բրյուսելում տեղակայված ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում…

Թուրքիայի՝ չինական տարբերակի ընտրությունը պայթյունի պես ընդունվեց ինչպես ՆԱՏՕ-ի ղեկավարության, այնպես էլ Միացյալ Նահանգների կողմից։ Ամենատարբեր մակարդակներով ու ատյաններից ամերիկյան և հյուսիսատլանտյան ղեկավարները նշում էին, կոչ էին անում, զգուշացնում և կրկին հիշեցնում, որ չինական ՀՕՊ համակարգերի ինտեգրումը ՆԱՏՕ-ի միացյալ համակարգերին բացառված է, քանի որ Դաշինքը պատրաստ չէ չինական կողմին փոխանցել իր ծածկագրերը, որոնք անհրաժեշտ են զենիթահրթիռային համալիրի շահագործելու համար։ Իսկ եթե չինական կայանները չեն միանում այդ համակարգին, ապա Թուրքիայի հակաօդային և հակահրթիռային պաշտպանվածության մակարդակը զգալի ցածրանում է, այսինքն՝ HQ-9-երի ձեռքբերմամբ Թուրքիան պահանջված չափով չի ապահովում իր անվտանգությունը։

Ինչպես վերը նշեցինք, Թուրքիայի ղեկավարներն էլ այս ամենին փորձում էին հակազդել չինական ՀՕՊ համակարգի մատչելի արժեքով և համատեղ արտադրության հնարավորությամբ։

Իհարկե, այստեղ նաև որոշակի քաղաքական հարցեր էին ի հայտ գալիս։ Փորձագետների մի մասը նշում էր, որ այս քայլով Թուրքիան ցույց էր տալիս, թե ինքն անկախ խաղացող է և ցանկացած պահի, ելնելով սեփական շահերից, կարող է արևելյան գործընկերներին վեր դասել արևմտյան դաշնակիցներից։

Սեպտեմբեր և հոկտեմբեր ամիսներին այս թեման մշտապես լրագրողների և փորձագետների ուշադրության կենտրոնում էր, քանի որ, ինչպես արդեն նշեցինք, Թուրքիայի համար կարևորագույն այս ընտրությունը շարքային իրադարձություններից չէր։

Մինչ ՆԱՏՕ-ն, ԱՄՆ-ն իրենց դժգոհությունն էին հայտնում թուրքական որոշման վերաբերյալ, Թուրքիայի առաջին այրերը, ի դեմս երկրի արտգործնախարարի կամ պաշտպանության նախարարի, շարունակում էին արդարացնել այս ընտրությունը։

Սակայն վերջին շրջանում թուրք պաշտոնյաների հռետորաբանությունում նկատվեցին որոշակի փոփոխություններ։ Սկսեց բարձրաձայնվել, որ չինական կողմի հետ որևէ պայմանագիր դեռ կնքված չէ, իսկ ավելի ուշ, որ մրցույթի մյուս մասնակիցները դեռ կարող են բարելավված, փոփոխված և ավելի մատչելի արժեքով առաջարկներ ներկայացնել։

Ինչևէ, չի բացառվում, որ Թուրքիան դեռ սկզբից իր խաղն էր փորձում առաջ տանել, որպեսզի իր պաշտպանական կարիքների համար գտներ ամենահարմար և ամենամատչելի տարբերակը։ Այսինքն՝ այս քայլերով Թուրքիան փորձում է մյուս մասնակիցներին ստիպել էժանացնել ՀՕՊ համակարգերը՝ վերջնանապես չփակելով հաղթողի հարցը և նրանց նոր հնարավորություն տալով՝ համեմատության համար վերցնելով չինական տարբերակը։

Սակայն դեռ որոշակի ժամանակ է պահանջվում՝ պատկերն ավելի լավ հասկանալու համար, իսկ այդ ամենի համար Թուրքիան պետք է վերջնական ընտրությունը հաստատի համապատասխան պայմանագրի կնքմամբ և գնված ապրանքի ստացումով։

Բայց և պետք է փաստել, որ ներկայում հաղթողի դափնին շարունակում է կրել չինական ընկերությունը։

Գևորգ Պետրոսյան, թուրքագետ

3 responses to “Թուրքիան ու չինական ՀՕՊ համակարգը կամ սակարկում թուրքական ոճով

  1. Pingback: Ռազմաշաբաթ. Թուրքիա. նոյեմբերի 3-9 | Թուրքագիտական պորտալ

Մեկնաբանել ԷդգարՉեղարկել պատասխանը

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *