ՄԱԿ ԱԽ-ում Սաուդյան Արաբիայի տեղը հավանաբար զբաղեցնելու է Հորդանանը

ՄԱԿ ԱԽ ոչ մշտական անդամի տեղը թափուր էր Սաուդյան Արաբիայի՝ այն զբաղեցնելուց հրաժարվելուց հետո։ Լուրեր են պտտվում, որ այն զբաղեցնելու է Հորդանանը։ ՄԱԿ-ից պաշտոնական արձագանք դեռևս չի եղել։

Ինչպես հաղորդում է AP լրատվական գործակալությունը, հղում կատարելով ՄԱԿ-ում անանուն աղբյուրին, ՄԱԿ-ում Հորդանանի ներկայացուցիչն արդեն իսկ ժամանել է Նյու Յորք՝ իր երկրի նոր առաքելության մանրամասները քննարկելու։ Հորդանանի թեկնածությունը դեռևս պետք է հաստատի Գլխավոր ասամբլեան, սակայն այլ թեկնածուների բացակայության պարագայում այլևս քվեարկության կարիք չի լինի։

Ակնկալվում է, որ Սաուդյան Արաբիան իր հերթին կընդգրկվի ՄԱԿ-ի մարդու իրավունքների խորհրդի կազմում։ Ընդ որում, ավելի վաղ Հորդանանը հրաժարվել էր մասնակցել այս խորհրդի աշխատանքներին։

Հիշեցնենք, որ hոկտեմբերի 18-ին Սաուդյան Արաբիան հայտարարել էր ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում ոչ մշտական անդամ լինելուց հրաժարվելու մասին՝ պատճառաբանելով, որ «ՄԱԿ-ն ունակ չէ պատերազմներն ավարտելու և հակամարտություններ լուծելու»։

Սաուդյան Արաբիան առաջին անգամը չէ, որ քննադատում էր ՄԱԿ-ի գործունեությունը, դժգոհելով, որ վերջինս չի կարողանում վերջ դնել Սիրիայում քաղաքացիական պատերազմին։ Այս հարցում, այնուհանդերձ, Սաուդյան Արաբիան ցուցաբերում է կողմնակալ մոտեցում՝ պնդելով, որ «Սիրիայում հազարավոր մարդկանց կյանքը խլած պատերազմը վաղուց ավարտված կլիներ, եթե միջազգային հանրությունն ու ՄԱԿ-ն օգնեին Բաշար Ասադի դեմ պայքարող զինյալներին»։

Սաուդյան Արաբիան նաև դժգոհել է ՌԴ-ի գործողություններից։ Խոսքը մասնավորապես Ռուսաստանի՝ Սիրիայում ռազմական միջամտությունը կանխելու նպատակով իր վետոյի իրավունքի օգտագործման մասին է։ Սաուդյան Արաբիան կարծում է՝ ՌԴ-ի այս քայլերը «հանգեցրել են Սիրիայի հակամարտությունը ձգձգված քաղաքացիական պատերազմի վերածելուն»։

Հավելենք, որ ՄԱԿ ԱԽ-ում նախագահում են 15 երկրների ներկայացուցիչներ։ ԱՄՆ-ն, Չինաստանը, Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան, Ռուսաստանը մշտական անդամներ են և վետոյի իրավունք ունեն։ Եվս 10 տեղ հատկացված է ոչ մշտական անդամ պետություններին։ Ամեն երկու տարին մեկ անգամ ոչ մշտական անդամների կազմը փոխվում է՝ համաձայն ռոտացիոն սկզբունքի։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *