Թուրքիայի զինված ուժերի սահմանապահ ստորաբաժանումները նոյեմբերի 7-ին Ադանա նահանգում առգրավել են զենքով լի բեռնատար, որն ուղևորվում էր Սիրիայի հետ սահման, ըստ ամենայնի, զենք տեղափոխելով Սիրիայում գործող խմբավորումների համար։
Տեղեկությունը հաստատել է Ադանայի նահանգապետ Հուսեին Ավնի Չոսը։ Բեռնատար ավտոմեքենայում հայտնաբերվել է 1200-ից ավել նռնականետի համար նախատեսված ննռնակ, նռնականետեր, ինքնաձիգեր, պայթուցիկ։
Բեռն ուղեկցում էր 9 անձ, որոնք բոլորը ձերբակալվել են։ Հայտնի է, որ բեռնատարն ուղևորվում էր թուրք-սիրիական սահման, սակայն թե ում կամ որ խմբավորման համար էր նախատեսված մեք քանակությամբ զենքն ու զինամթերքը, դեռ պաշտոնապես չի բացահայտվում։
Նշենք, որ այս շաբաթ ավելի վաղ Թուրքիայի սահմանապահ զորքերը կարողացել էին կրակահերթով կանգնեցնել դեպի Սիրիա անցնել փորձող ավտոշարասյունը։ Ստուգման ժամանակ երեք ավտոմեքենաներում հայտնաբերվել էին քիմիական զենքի պատրաստման համար օգտագործվող վտանգավոր նյութեր։
Հավելենք, որ Թուրքիայի կառավարությունը Սիրիա լիարժեք ներխուժման հիմնական կողմնակիցներից էր։ Սիրիական քաղաքացիական պատերազմի սկզբից պաշտոնական Անկարան համակողմանի աջակցություն է ցուցաբերում այդ երկրի նախագահ Բաշար Ասադի դեմ պայքարող խմբերին։