Ռազմաշաբաթ. Ադրբեջան. նոյեմբերի 3-9

Թովուզի դասալիքին ծեծի էին ենթարկել։ «Դոկտրինա»-ի զեկույցը։ Զաքիր Հասանովի այցերն առաջնագիծ։ Իրանը փակել է Ադրբեջանի հետ սահմանին 2 անցակետ։ Բեյլագանում տանկն ընկել է ջրանցքը։ Պաշտոնապես հաստատված պաշտոնանկություններ։

Զաքիր Հասանովն ու Նաջմեդին Սադիգովն առաջնագծում

Զաքիր Հասանովն ու Նաջմեդին Սադիգովն առաջնագծում

1. Հոկտեմբերի 28-ին Թովուզի զորամասի դասալիքին վիրավոր հայտնաբերել էին առաջնագծում, կասկածելի պայմաններում։ Հայտնի է դարձել՝ սպան ու 5 ծառայակիցները ծեծել էին զինծառայողին, սակայն Ադրբեջանի ՊՆ-ն հերքում է այս հանգամանքը:
Ադրբեջանի ԶՈւ զինծառայող, 19-ամյա Զեյնալով Թուրալ Սարդար օղլուն, ըստ պաշտոնական վարկածի, զենքի նկատմամբ անզգույշ վարմունքի հետևանքով կրակ է բացել ու վիրավորել իր ծառայակից 19-ամյա Շահբազով Մուրադ Ինթիհամ օղլուին։

Ադրբեջանի ԶՈւ զինծառայող Վյուսալ Ջաֆարովն իրեն ամրակցված ինքնաձիգից կրակ է բացել ու վիրավորել ծառայակից Մուհամեդալի Աբբասովին։ Տուժածը ծանր հրազենային վնասվածք է ստացել կրծքավանդակի հատվածում։ Նրան տեղափոխել են հոսպիտալ։ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն այս պահի դրությամբ հրաժարվել է միջադեպի առնչությամբ մեկնաբանություններ տալ։

Հիմնվելով ադրբեջանական մամուլի հրապարակումների վրա՝ «Դոկտրինա» հետազոտությունների կենտրոնը հաղորդում է, որ 2013-ի սկզբից մինչ օրս Ադրբեջանի անվտանգության ու պաշտպանական համակարգերում գրանցվել է 76 կորուստ, 86 վիրավոր:

Ադրբեջանական «Ենի Մուսավաթ» թերթի հետաքննության համաձայն՝ Արցախյան պատերազմի ողջ ընթացքում Ադրբեջանում գրանցվել է 20 հազար զոհ, 50 հազար վիրավոր, 486 անհայտ կորած: Աղդամում կորցրել են 7000 հոգի: Ըստ թերթի՝ 1994-ի մայիսին հրադադարից հետո ադրբեջանական բանակը կորցրել է ևս 1000 զինվոր, իսկ 1995-ից մինչ օրս՝ 5000 զինծառայող:

2. Նոյեմբերի 6-ին Ադրբեջանի պաշտպանության նորանշանակ նախարար, գեներալ-գնդապետ Զաքիր Հասանովն ու ԶՈւ գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Նաջմեդին Սադիգովը մեկնել են Գանձակ՝ Շախորի 3-րդ բանակային կորպուսի անձնակազմի հետ հանդիպելու նպատակով։

Նոյեմբերի 7-ին Զաքիր Հասանովն ու Նաջմեդին Սադիգովն այցելել են առաջնագիծ։ Թե որ հատված են այցելել վերջիններս, չի նշվում։

3. Իրանը փակել է Ջուղայի հսկիչ անցակետը Նախիջևանի հետ սահմանին և Բիլյասուվարինը՝ Ադրբեջանի հետ սահմանին։ Պատճառը հավանաբար Ջուղայի սահմանին 2 իրանցի տրակտորավարների սպանությունն է։ Երկու երկրների հարաբերություններում միջադեպը լարվածություն է առաջ բերել։

Իրանագետը վկայում է, որ փակված անցակետերը լուրջ խնդիր են Ադրբեջան-Նախիջևան ցամաքային կապի հարցում։

4. Բեյլագանի Միլաբադ գյուղում տեղակայված զորամասի Տ-72 տանկը, որը գլխավորում էր «Շահսևան» երկաթգծային կայարանից դեպի Բեյլագան ուղևորվող տանկային շարասյունը, ներխուժել է ավտոբուսի մարդաշատ կանգառներից մեկը, գետնին հավասարացրել այն, ապա ավտոմեքենաների վրայով անցնելով՝ ընկել ջրանցքը։

5.Հոկտեմբերի 24-ին ադրբեջանական ԱՊԱ գործակալությունը լուրեր էր տարածել ՊՆ տեսչական վարչության ղեկավար, Ադրբեջանի ԶՈւ գեներալ-մայոր Մամեդ Բեյդուլլաևի պաշտոնանկության մասին։ ՊՆ-ն չէր հաստատել, սակայն չէր էլ հերքել այս լուրը։ Իրավիճակը մեկնաբանել է հենց ինքը՝ գեներալը՝ տալով զգուշավոր պատասխաններ:

Ադրբեջանի ԶՈւ գեներալ-մայոր Հեյդար Փիրիևը նշանակվել է Հեյդար Ալիևի անվան բարձրագույն ռազմական ուսումնարանի ղեկավար։ Փիրիևը դեռևս 2011-ին աղմկահարուց սկանդալի կիզակետում էր հայտնվել, երբ նրան վատ ընդունելութուն էին ցույց տվել Նախիջևանում։

Նոյեմբերի 4-ից լուրեր էին տարածվել Ադրբեջանի ՊՆ մամուլի ծառայության ղեկավարի տեղակալ, Ադրբեջանի ԶՈւ մայոր Թեյմուր Աբդուլաևի հրաժարականի մասին։ Նոյեմբերի 5-ին նա հաստատել է լուրը։ Ընդդիմադիր լրատվակայքերը պաշտոնական վարկածին չեն հավատում։

6.Վերջին շրջանում Ադրբեջանում ռազմական ոլորտի տարբեր թեմաների քննարկումն արդիական է դարձել։ Այս անգամ փորձագետները քննարկում են Ադրբեջանում կին զինծառայողների պակասի և նրանց՝ ԶՈւ-ում աշխատելու անհրաժեշտության հարցը։

7. Ադրբեջանում ավելի քան 10 բարձրաստիճան սպաներ, որոնց թվում են Արցախյան պատերազմի մասնակիցներ, օդաչուներ, ՀՕՊ մասնագետներ, ցանկություն են հայտնել ԶՈւ-ում աշխատելու։ Սակայն տեղեկության աղբյուրն անհայտ է, սպաների անունները չեն հրապարակվում։

8.Ադրբեջանի ՊՆ-ն հոկտեմբերի 24-ից ի վեր կադրային կտրուկ փոփոխություններ է կատարում՝ առանց պաշտոնական հաղորդագրություններ կամ մեկնաբանություններ տալու: Ռազմական փորձագետ Ուզեիր Ջաֆարովն ակտիվորեն լուսաբանում է դրանք, իսկ մեկ այլ փորձագետ Յաշար Ջաֆարլին՝ լռում:

9. Ռուս-ադրբեջանական սահմանին Դաղստանի սահմանապահները կանխել են ռազմական հանդերձանքի մեծ խմբաքանակի ապօրինի ներկրումն Ադրբեջան։ Քրեական գործ է հարուցվել Ադրբեջանի իգական սեռի 2 և ՌԴ 10 քաղաքացիների նկատմամբ։

10. Նոյեմբերի 6-ին հրապարակվել է ընթացիկ տարվա հոկտեմբերին Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայության կողմից սահմանին ձերբակալվածների թիվը։ Ընդ որում, 28 ձերբակալվածներից 2-ը Թուրքիայի, 1-ն Իրանի քաղաքացիներ են։

Ռազմաշաբաթը նաև՝

Հայաստանում

Թուրքիայում

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *