Ի՞նչ շանսեր ունի Իրանը պատերազմում: Թուրքիան առաջարկում է մեծացնել Սիրիայի վրա ճնշումը. օրվա ամփոփում

Ռազմական փորձագետ Արծրուն Հովհաննիսյանը պատասխանել է այն հարցերին, թե ինչպիսին կլինի Իրան-ԱՄՆ, Իրան-Իսրայել հավանական պատերազմը ռազմական տեսանկյունից: Իրանը հերքել է եվրոպական 6 երկրին նավթի մատակարարումը դադարեցնելու մասին լուրերը, բայց շարունակում է պնդել, որ Իսրայելն իր դեմ է գործում Ադրբեջանի տարածքից: Իսկ հայ զինվորների ծնողները զինդատախազի հիվանդության տակ ենթատեքս են տեսնում:

  • Ռազմական փորձագետ Արծրուն Հովհաննիսյանը դիտարկել է Իրան-ԱՄՆ, Իրան-Իսրայել հավանական պատերազմը ռազմական տեսանկյունից: Փորձագետը թվել է այն զինատեսակները, որոնցով զինված են այդ պետությունները և նշել, որ պատերազմում Իրանը արժանի հակահարվածի հնարավորություն չունի, սակայն կարող է բավական թանկ նստել այդ պետությունների վրա և էական վնասներ հասցնել դրանց` այլ պետություններում գտնվող հենակետերին:
  • Կառավարության շենքի դիմաց կայացած բողոքի ակցիայի ժամանակ բանակում ոչ մարտական պայմաններում մահացածների ծնողները տեսակետ են հայտնել, թե զինդատախազը հիվանդանոցում է և վատառողջ, քանի որ նրան չեն թողնում աշխատել այնպես, ինչպես անհրաժեշտ է:
  • Ադրբեջանագետ Սարգիս Ասատրյանը և իրանագետ Ռոման Սմբատյանն էլ նշել են, որ պաշտոնական Բաքվին ձեռնատու է Իրանի թուլացումը և հնարավոր մասնատումը:

Միջազգային լուրերը հայկական մամուլում

  1. Իրանի հետախուզությունը տեղեկություններ է ձեռք բերել այն մասին, որ Ադրբեջանի հարավային Լերիքի շրջանից մինչև իրանական սահմանային Աստարա ընկած տարածքում հակաիրանական հետախուզական օբյեկտներ կան: Հիշեցնենք, որ օրերս Իրանն Ադրբեջանին մեղադրեց նաև միջուկագետ-ֆիզիկոսի սպանությանը մասնակացություն ունենալու մեջ:
  2. Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադը հայտարարել է, որ տարածաշրջանի մի շարք երկրներ ռումբեր ունեն. Իրանը տեղեկատվություն ունի, որ Արևմուտքը ռումբեր է մատակարարում Իրանի հարևան երկրներին:
  3. ՌԴ-ում Իրանի դեսպան Մուհամեդ Ռեզա Սաջադին հայտարարել է, որ ԱԷՄԳ-ն զբաղված է ոչ իր գործով. «Չեմ բացառում, որ ԱԷՄԳ-ն արդեն իսկ հետախուզում է մեր երկրի ոչ թե միջուկային, այլ՝ ռազմական պոտենցիալը: Դրա համար էլ նրա տեսուչներին թույլ չտրվեց այցելել Փարչինի օբյեկտ: Փարչինը դա ոչ թե միջուկային, այլ ռազմական օբյեկտ է: Ժամանակին մենք ԱԷՄԳ-ի տեսուչներին թույլ ենք տվել այցելել Փարչին: Այնտեղ նրանք չգտան միջուկային որևէ բան»:
  4. Հյուսիսատլանտյան դաշինքի ներկայացուցիչը հայտնել է, որ կառույցի անդամ 13 երկրներ կծախսեն 3 մլրդ եվրո` Global Hawks տեսակի հինգ անօդաչու օդանավերի ձեռքբերման նպատակով:
  5. Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտնել է, որ Թուրքիան առաջարկում է Սիրիայի հետ «մարդասիրական միջանցք» ստեղծել  եւ ուժեղացնել նրա նկատմամբ դիվանագիտական ճնշումները:
  6. Սպիտակ տան ներկայացուցիչ Ջեյ Քարնին Սիրիայի նախագահ Բաշար Ասադի` Սահմանադրական հանրաքվե անցկացնելու մտադրությունն անվանել է « ծաղր սիրիական հեղափոխության նկատմամբ»: Նշենք, որ ԱՄՆ-ն հայտարարում է, թե դեմ է Սիրիայի հարցի ռազմական լուծմանը և զենք չի մատակարարի ընդդիմությանը, այլ կփորձի պատժամիջոցների միջոցով հասնել հարցի կարգավորմանը:
  7. ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, Վիեննայում անվտանգութան հարցերուվ ԵԱՀԿ կոնֆերանսից հետո, հայտարարել է. «Եթե միջազգային հանրության որոշ անդամներ Սիրիայում պահանջեն վարչակարգի փոփոխություն՝ որպես բանակցությունների համար նախապայման, ապա դա կլինի ճանապարհ դեպի լայնածավալ քաղաքացիական պատերազմ: Եթե մենք ցանկանում ենք դադարեցնել արյունահեղությունը, ապա պետք է հրաժարվել նախապայմաներից և պահանջել առանց բացառության բոլոր կողմերին դադարեցնել բռնությունը և նստել բանակցությունների սեղանի շուրջ»:
  8. Իսրայելական լրատվամիջոցների հաղորդմամբ`  իսրայելական կողմը ցանկանում է ՑԱԽԱԼ-ի ինքնաթիռները տեղակայել  Պաֆոս (Կիպրոս) քաղաքի շրջակայքում գտնվող Անդրեաս Պապանդրեուի անվան ավիաբազայում. այդ քայլը բացատրվելու է որպես գազային հանքավայրերը պաշտպանելու նպատակ:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *