Կոլումբիան մեղադրել է Ռուսաստանին իր օդային տարածքը խախտելու համար։ Կոլումբիայի նախագահ Խուան Մանուել Սանթոսի խոսքերով՝ երկրի կառավարությունը մոտ ժամանակներս Մոսկվային բողոքի նոտա է հղելու։ Ռուսական կողմը հերքում է մեղադրանքները։
Ինչպես հաղորդում է AP լրատվական գործակալությունը, խոսքը 2 ռուսական ռմբակոծիչների մասին է, որոնք թռիչք են իրականացրել նոյեմբերի 1-ին։ ՌԴ ինքնաթիռները թռչել են Վենեսուելայից Նիկարագուա, և նրանց թռիչքի մի մասն իրականացվել է Կոլումբիայի օդային տարածքով։ Այս մասին հայտնում է կոլումբական NTN24 հեռուստաալիքը։
Կոլումբիայի նախագահը պնդում է, որ ինքնաթիռները պետք է նախապես թույլտվություն վերցնեին իրենց օդային տարածքով թռիչքի համար, սակայն Կոլումբիայի իշխանություններն այդպես էլ թույլտվության հայցեր չեն ստացել։ Ուստի, հաշվի առնելով ստեղծված իրավիճակը՝ Կոլումբիան օդ է բարձրացրել 2 կործանիչ։