Նոյեմբերի 6-ին Ադրբեջանի պաշտպանության նորանշանակ նախարար, գեներալ-գնդապետ Զաքիր Հասանովն ու ԶՈւ գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Նաջմեդին Սադիգովը մեկնել են Գանձակ՝ Շախորի 3-րդ բանակային կորպուսի անձնակազմի հետ հանդիպելու նպատակով։
Նշենք, որ սա Զաքիր Հասանովի՝ որպես պաշտպանության նախարարի, առաջին պաշտոնական այցն է Գանձակ (Գյանջա)։
Հասանովն ու Սադիգովն այցելել են Գանձակում տեղակայված մի քանի զորամասեր, ծանոթացել հրամանատարական կազմի ու զորամասերում տիրող իրավիճակի հետ։
Ոչ պաշտոնական տվյալների համաձայն՝ Շամխորի բանակային կորպուսում առաջիկայում սպասվում են կադրային փոփոխություններ։
Հիշեցնենք, որ Ադրբեջանի ԶՈւ Շամխորի 3-րդ բանակային կորպուսն արդեն վաղուց է, ինչ տխուր համբավ է վաստակել Ադրբեջանում։ Այն առաջատար է զոհերի, միջադեպերի և կաշառակերության մակարդակով։ 2012-ին մեկ միջադեպի ժամանակ միանգամից 7 զինծառայողների մահը և մի քանի օր անց դեպքի միակ վկայի զոհվելը նույնպես այս կորպուսում է եղել։ Հենց այդ դեպքից հետո պաշտոնից զինվորական կոչման իջեցմամբ ազատվեց կորպուսի հրամանատար, այդ ժամանակ գեներալ-լեյտենանտ Չինգիզ Շաֆիևը։
Բանակային կորպուսի ներկայիս հրամանատար, ԶՈւ գեներալ-լեյտենանտ Ռովշան Աքպերովի մեկն էր այն զինվորականներից, ում 1992-ին մեղադրում էին սխալ մարտավարության և անգործության հետևանքով «Շուշին հայերին հանձնելու համար»։ Նա նաև դավաճանել է սեփական մարտական ընկերներին. 1994-1995 թթ. հենց Աքպերովի հրամանով զինվորները գնդակահարել են Արցախյան պատերազմի ադրբեջանցի վետերաններին նրանց քաղաքական հայացքների համար։
Բացի այդ, Ադրբեջանի ազգային հերոսը, պարզվում է, ալկոհոլի և թմրանյութի սիրահար է։ 2001-ին էլ նա Կիևում ոչ սթափ վիճակում դանակահարել ու սպանել է գործարար Էլչին Ալիևին։