Չինաստանում զինվորականներն ապօրինի զբաղեցրել են շուրջ 8 հազար բնակարան

Չինաստանի զինված ուժերում ներքին ստուգումների հետևանքով հայտնաբերվել է, որ բարձրաստիճան զինծառայողներն ապօրինի կերպով օգտագործել են շուրջ 8100 բնակարան ու 25 հազար ավտոմեքենա։ Ամենայն հավանականությամբ, նրանց չեն ձերբակալի։

Չինաստանի Ժողովրդական-ազատագրական բանակի հրամանատարությունը ժողով է գումարել, որտեղ քննարկվել են բանակում թերությունները, այդ թվում՝ բնակարանների ու ավտոմեքենաների ապօրինի կիրառումը։ Դրանք զբաղեցնող զինվորականներին հրահանգվել է անմիջապես ազատել բնակարաններն ու վերադարձնել ավտոմեքենաները, որպեսզի չենթարկվեն վարչական տուգանքների։

Բացի այդ, պատասխանատու անձանց հանձնարարվել է ավելի հստակ սահմանել՝ երբ ու ինչ պայմաններում է թույլատրվում օգտագործել ծառայողական ավտոմեքենաները։

Հիշեցնենք, որ դեռևս 2012-ի դեկտեմբերին Չինաստանի կոմունիստական կուսակցության ռազմական խորհուրդը կոչ է արել զինվորականներին զուսպ կենցաղ վարել, հեռու մնալ չափից դուրս շքեղ կյանքից, չհաճախել պաթոսային երեկույթների։

Բացի այդ, 2013-ի ապրիլին օրենք է ընդունվել, ըստ որի՝ փոխգնդապետից բարձր կոչում ունեցողները պարտավորվում են 15 օր ծառայել որպես շարքայիններ։

Նկատենք, որ Չինաստանում ԶՈւ և մյուս գերատեսչություններում կոռուպցիայի դեմ համակարգված պայքար է սկսել կոմունիստական կուսակցության ներկայիս ղեկավարությունը՝ Սի Ցզինպինի գլխավորությամբ։ Այս պայքարի շրջանակներում կաշառակերության համար մահապատժի են դատապարտվել մի շարք բարձրաստիճան պաշտոնյաներ։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *