Նախիջևանի կորպուսի գեներալը՝ Ադրբեջանի բարձրագույն ռազմական ուսումնարանի ղեկավար

Ադրբեջանի ԶՈւ գեներալ-մայոր Հեյդար Փիրիևը նշանակվել է Հեյդար Ալիևի անվան բարձրագույն ռազմական ուսումնարանի ղեկավար։ Փիրիևը դեռևս 2011-ին աղմկահարուց սկանդալի կիզակետում էր հայտնվել, երբ նրան վատ ընդունելութուն էին ցույց տվել Նախիջևանում։ 

Հեյդար Ալիևի անվան բարձրագույն ռազմական դպրոցի կուրսանտներ

Հեյդար Ալիևի անվան բարձրագույն ռազմական դպրոցի կուրսանտներ

Ինչպես հաղորդել են ադրբեջանական «ԱՊԱ» լրատվական գործակալությանը, ռազմական բարձրագույն ուսումնարանից, հաստատվել է հոկտեմբերի 26-ից պտտվող լուրը. Նախիջևանի բանակային 5-րդ կորպուսի շտաբի արդեն նախկին պետ գեներալ-մայոր Հեյդար Փիրիևին նշանակել են բարձրագույն ռազմական ուսումնարանի ղեկավար։ Մինչ նշանակումը ուսումնարանի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատարն էր Ադրբեջանի ԶՈւ գնդապետ Միրզա Յուսիֆովը։

Նշենք, որ գեներալը ժամանակին էլ պաշտոնավարել է որպես այս ուսումնարանի ղեկավար։ Ստացվում է՝ նրան վերադարձրել են նույն պաշտոնին։

Նկատենք, որ ադրբեջանական մամուլում դեռևս 2000-ականների սկզբներից լուրեր էին շրջանառվում` Փիրիևը մասնակցել է Արցախյան պատերազմին, որի ընթացքում փախուստի է դիմել Ֆիզուլիի մարտերից։

Բացի այդ, ինչպես տեղեկացնում է ադրբեջանական «Խուրալ» թերթը, 2011-ին, երբ Փիրիևին պաշտպանության նախարար Սաֆար Աբիևի հրամանով նշանակել են Նախիջևանի բանակային կորպուսի հրամանատար, Նախիջևանում վատ ընդունելությունից հետո գեներալն անմիջապես վերադարձել է Բաքու։

Ըստ «Խուրալի»՝ Փիրիևին փորձել են ստորացնել, Նախիջևանի կորպուսի զինվորականները ավել են տվել նրան ու հարկադրել մաքրել հատակը։ Թերթի վկայությամբ՝ խնդիրն իրականում Նախիջևանի ստորաբաժանման հրամանատարության վատ վարքի մեջ է։ Զինված ուժերի գործերին պարբերաբար միջամտում են տեղի գործարարներն ու ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչները։ Փիրիևի դեմ բացասական է տրամադրված եղել հատկապես կորպուսի նախկին հրամանատարի եղբայրը՝ Քերեմ Մուսթաֆաևը, որը չունի պաշտոն կամ զինվորական կոչում, սակայն կապեր ունի տեղի հանցավոր աշխարհի հետ։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *