Ադրբեջանի պաշտպանության նորանշանակ նախարարն ընդունել է Մինսկի խմբի համանախագահներին

Ադրբեջանի պաշտպանության նախարար, գեներալ-գնդապետ Զաքիր Հասանովը նոյեմբերի 4-ին ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին։ Կողմերը քննարկել են Արցախյան հիմնախնդիրը, նաև՝ ՌԴ ԶՈւ 102-րդ ռազմաբազայի հրամանատարի հայտարարությունը։

Լուսանկար՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի ու Ադրբեջանի ՊՆ ներկայացուցիչների հանդիպումից

Լուսանկար՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի ու Ադրբեջանի ՊՆ ներկայացուցիչների հանդիպումից

Ինչպես հաղորդում է Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը, Զաքիր Հասանովն ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովին (ՌԴ), Ժակ Ֆորային (Ֆրանսիա), նորանշանակ Ջեյմս Ուորլիքին (ԱՄՆ), ինչպես նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անժեյ Կասպրշիկին։

Հանդիպման ընթացքում քննարկվել են առաջնագծում ստեղծված իրավիճակը, Արցախյան հիմնախնդիրը, փախստականների հարցը։

Հասանովը, ըստ նույն աղբյուրի, տուրք չի տվել նախկին նախարարին բնորոշ, հայկական կողմին ուղղված պատերազմի ակնհայտ սպառնալիքներին՝ նախապատվություն տալով առավել դիվանագիտական ձևակերպումների։

Նա շեշտել է, որ Ադրբեջանը կողմ է «Արցախյան հիմնախնդրի խաղաղ ճանապարհով լուծումներին»՝ միևնույն ժամանակ ակնարկելով՝ Ադրբեջանը «չի կարող երբևէ հանդուրժել իր տարածքների բռնազավթումը»։

Նախարարն անդրադարձել է նաև ՀՀ-ում տեղակայված ռուսական 102-րդ ռազմաբազայի հրամանատարի հայտարարությանը, որտեղ խոսք էր գնացել հնարավոր պատերազմի դեպքում ՀԱՊԿ ստանձնած պարտավորությունների շրջանակներում 102-րդ ռազմաբազայի՝ ռազմական գործողություններին ներգրավվելու մասին։ Հասանովը նշել է. «Այս հարցում պաշտոնական պարզաբանման կարիք կա»։

Հավելենք, որ հանդիպմանը մասնակցել է նաև Ադրբեջանի պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, ԳՇ պետ, գեներալ-գնդապետ Նաջմեդդին Սադիգովը։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *