Թուրք-սիրիական սահմանին քիմիական զենքի պատրաստման համար օգտագործվող նյութեր են առգրավվել

Սիրիայի և Թուրքիայի սահմանի մոտակայքում նոյեմբերի 2-ին թուրքական զինված ուժերը կանգնեցրել են դեպի Սիրիա ընթացող ավտոմեքենաներին, որոնցում քիմիական զենքի պատրաստման համար օգտագործվող նյութեր են հայտնաբերվել։

Թուրք-սիրիական սահման

3 ավտոմեքենայից բաղկացած շարասյունն ընթանում էր Թուրքիայից դեպի Սիրիա, երբ տարածքում հսկողություն իրականացնող Թուրքիայի սահմանապահ զորքերը հրահանգել են ավտոմեքենաներին կանգնել։

Սակայն ավտոշարասյունը շարունակել է ընթացքը։ Թուրք զինծառայողները կրակ են բացել ավտոմեքենաների անիվներին և կանգնեցրել դրանք։ Ավտոմեքենաներում գտնվող անձինք փախուստի են դիմել և անցել են Սիրիա, սակայն նրանցից մեկին հաջողվել է ձերբակալել։

Ավելի ուշ ավտոմեքենաները զննելուց հայտնաբերվել են վտանգավոր նյութեր, որոնցից հնարավոր է քիմիական զենք պատրաստել։
Ներկայում առգրավված նյութերն ուղարկվել են փորձաքննության, տեղեկացնում է Թուրքիայի ԶՈւ գլխավոր շտաբը։

Հավելենք, որ նախկինում ևս Թուրքիայի տարածքում հայտնաբերվել են վտանգավո քիմիական նյութեր, որոնք փորձում էին անցկացնել Սիրիայի տարածք։

Հիշեցնենք, որ Սիրիայի հակամարտության առաջին իսկ օրվանից կառավարական զորքերն ու զինյալները քիմիական զենքի կամ արգելված թունավոր նյութերի օգտագործման փոխադարձ մեղադրանքներ են ներկայացնում։

Մեծ աղմուկ բարձրացրեց 2013-ի օգոստոսին Դամասկոսի Ղուտա շրջանում քիմիական զենքի կիրառման դեպքը, որի պատճառով, ըստ արևմտյան կազմակերպությունների, ավելի քան 1500 մարդ է զոհվել:

Միջազգային կազմակերպությունների զեկույցներից այդպես էլ պարզ չդարձավ՝ կառավարությունն էր կիրառել քիմիական թունավոր նյութերը, թե զինյալների խմբավորումները։

One response to “Թուրք-սիրիական սահմանին քիմիական զենքի պատրաստման համար օգտագործվող նյութեր են առգրավվել

  1. Pingback: Ռազմաշաբաթ. Թուրքիա. նոյեմբերի 3-9 | Թուրքագիտական պորտալ

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *