ԱՄՆ դատախազությունը մեղադրել է Միացյալ Նահանգների ռազմածովային ուժերի 2 սպաների և Մալայզիայից մեկ գործարարի «հանցավոր խմբավորում կազմելու համար», որոնք գումար են կուտակել նավատորմի համար ապօրինի ճանապարհով բարձր գներով ապրանքներ գնելով ու գաղտնի տեղեկություններ տրամադրելով։
Ինչպես հաղորդում է AP լրատվական գործակալությունը, հղում կատարելով հետաքննության տվյալներին, սպա Մայքլ Միսևիչը մեծ կաշառքի դիմաց համաձայնել է պատմել գործարար Լեոնարդ Ֆրենսիսին ԱՄՆ ՌԾՈւ նավերի տեղաշարժերի մասին Խաղաղ օվկիանոսում, բացի այդ կազմակերպել է պարենի ու վառելիքի գնումներ Ֆրենսիսին պատկանող Glenn Defense Marine Asia Ltd. (GDMA) ընկերությունից։ Ընդ որում, ապրանքները գնվել են անհիմն ուռճացված գներով, ինչը թույլ է տվել GDMA-ին ստանալ միլիոնավոր դոլարներով ավելի եկամուտ։
Ձերբակալել են նաև ռազմական փորձագետ Ջոն Բելիվոյին, որը կասկածվում է գործարարին հետաքննության մանրամասները փոխանցելու և ժամանակին զգուշացնելու հարցում։ Իր փոխանցած տվյալների դիմաց Բելիվոն անվճար վայելում էր շքեղ առողջարանների հանգիստը և անվճար օգտվում մարմնավաճառների ծառայություններից։
Նշենք, որ բոլոր երեք ձերբակալվածները միաձայն հայտարարել են՝ իրենց մեղավոր չեն ճանաչում, իսկ փաստաբանները դեռևս հրաժարվում են մեկնաբանություններ տալ։
Միևնույն ժամանակ, քննիչները փաստել են՝ գործը հեռու է փակված լինելուց, քանի որ օրեցօր նոր մարդիկ են հայտնվում կասկածյալների ցուցակում։ Նրանց անունները դեռևս չեն հրապարակվում։
Ավելի վաղ հաղորդվել էր՝ կոռուպցիոն սկանդալի հետևանքով պաշտոնանկ է արվել USS Bonhomme Richard նավի կապիտան Դենիել Դյուսեքը։ Նրա մեղավորության հանգամանքների մասին լռում են։
Հավելենք, որ հետաքննության ընթացքում ԱՄՆ կառավարությունը կասեցրել է իր համագործակցությունը Glenn Defense Marine Asia ընկերության հետ։