Ռուսաստանում վիճում են ռուսական արտադրության զրահատեխնիկայի գնումների վերաբերյալ

Փետրվարի 14-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ Ռուսաստանի Գլխավոր Շտաբի պետ, բանակի գեներալ Նիկոլայ Մակարովը հայտարարել էր, որ առաջիկա տարիներին սեփական արտադրության զրահատեխնիկա ռուսական բանակը չի գնելու։

Մասնավորապես նա նշել էր, որ թեև Տ-90Ս-ի աշտարակի վերաբերյալ իրենք բողոք չունեն, բայց իրենց չի բավարարում տանկում անձնակազմի պաշտպանվածությունը։

Մակարովի խոսքերով պաշտպանվածության խնդիր ունեն նաև զրահամեքենաները, մասնավորապես նա նշել է, որ չեն գնվելու ԲՄԴ-4 դեսանտային զրահամեքենաները, քանի որ այդ զրահամեքենաներում դեսանտը տեղավորվում է զրահի վրա, ոչ թե մեքենայի ներսում։ Մակարովի այս հայտարարությունը ԲՄԴ-4-ի վերաբերյալ առնվազն տարօրինակ է։ Նախ օդադեսանտային մեքենան, ունենալով զանգվածի շատ խիստ սահմանափակումներ` կապված տրանսպորտային ինքնաթիռների բեռնունակության հետ, սկզբունքորեն չի կարող էապես ավելի լավ պաշտպանություն ունենալ։ Երկրորդ, հենց ռուսական փորձը Չեչնիայում ցույց տվեց, որ զրահի վրա տեղափոխվելն ավելի նախընտրելի է. ականի պայթյունի կամ նռնականետից կրակի դեպքում զրահի վրա գտնվողները կենդանի մնալու բավականին լավ շանսեր էին պահպանում, մինչդեռ զրահամեքենայի ներսում գտնվողները գրեթե ոչ մի շանս չէին ունենում։ Ճիշտ է` հրազենային կրակի դեպքում զրահի վրա գտնվողները վատ թիրախ չէին, բայց միևնույնն է, անձնակազմի գոնե մի մասը կենդանի մնալու և մարտն ընդունելու շանս էր ստանում։

Իհարկե, դժվար է ասել, թե «ԲՄԴ-4»-ն իրականում որքանով է հաջող մեքենա, բայց Մակարովի նշած փաստարկներն այնքան էլ համոզիչ չեն։

Քննադատության իրենց առանձին բաժինն են ստացել նաև ռուսական զրահափոխադիրչիները և այս անգամ, թերևս, արդարացի։ Ռուսական զրահափոխադրիչներն իսկապես զիջում են մրցակիցներին հակաականային պաշտպանվածությամբ։

Նշենք, որ սա առաջին դեպքը չի, երբ Նիկոլայ Մակարովը հրապարակային քննադատության է ենթարկում ռուսական ռազմական արդյունաբերության արտադրանքը` ընդ որում ոչ միշտ արդարացի ու համոզիչ փաստարկներով։

Նույն օրը Մակարովի այս հայտարարություններին արձագանքել է նաև Ռուսաստանի փոխվարչապետ Դմիտրի Ռագոզինը, ով համակարգում է ռազմաարդյունաբերության հարցերը։ «ՌԴ զինված ուժերի գլխավոր շտաբի պետը միակը չի, ով կայացնում է սպառազինության և ռազմական տեխնիկայի գնումների մասին որոշւմ։ Բանակը և նավատորմը վերազինվելու են պլանային` ըստ սպռազինության հաստատված պետական ծրագրի մինչը 2020 թվականը» ” ասել է Ռագոզինը։

Ռագոզինը նաև ավելացրել է, որ եթե ԳՇ պետը տեխնիկայի հետ կապված բողոքներ ունի, ապա դրանց մասին պիտի հայտարարի մասնագիտական միջավայրում, և որ կարիք չկա, որ նման քննարկումները վարվեն ԶԼՄ-ների միջոցով։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *