Հոսպիտալից փախուստի դիմած զինծառայողները շարունակում են բուժումը. Արծրուն Հովհաննիսյան

Նոյեմբերի 2-ին Երևանի կայազորային կլինիկական հոսպիտալից փախուստի դիմած 4 զինծառայողներն այս պահին հոսպիտալում են և շարունակում են իրենց բուժումը։ Նրանց հետ ամեն ինչ նորմալ է, ծնողներն օգնել են նրանց վերադարձնել հոսպիտալ։ Այս մասին Ռազմինֆոյի հետ զրույցում ասաց ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը։

Նոյեմբերի 2-ի երեկոյան Երևանի կայազորային կլինիկական հոսպիտալում ստացիոնար բուժման մեջ գտնվող 2 զինծառայող վիճաբանություն էին սկսել նույն բաժանմունքի զինծառայողների հետ։ Վիճաբանությունը վերածվել էր ծեծկռտուքի, նրանք հարձակվել էին բաժանմունքի հերթապահ բժշկի վրա, որից հետո փախել հոսպիտալից։

Ըստ Արծրուն Հովհաննիսյանի՝ ՀՀ ՊՆ ՌՈ աշխատակիցները և ՊՆ համապատասխան պաշտոնյաները տեղում իրականացրել են համապատասխան աշխատանքներ և իրավիճակն ամբողջությամբ վերահսկողության տակ վերցրել։

Ռազմինֆոյի հետ զրույցում ՀՀ ՊՆ քննչական ծառայության հասարակայնության հետ կապերի բաժնի ավագ սպա Մերի Սարգսյանը նշեց, որ միջադեպի առնչությամբ դեռևս նյութեր են նախապատրաստվում։

Դեռևս հայտնի չէ, թե քրեական գործ կհարուցվի, թե՝ ոչ։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *