Մալիում անհայտ անձինք առևանգել ու սպանել են ֆրանսիացի լրագրողների

Ֆրանսիական RFI ռադիոկայանի երկու լրագրողների առևանգել, ապա սպանել են Մալիի հյուսիսի քաղաքներից մեկում։ Միջադեպը մեծ աղմուկ է բարձրացրել։ Ֆրանսիայի նախագահը պահանջում է անհապաղ գտնել մեղավորներին։

Ֆրանսիացի լրագրողներ. 57-ամյա Գիսլեն Դյուպոն ու 55-ամյա Կլոդ Վերլոն

Ֆրանսիացի լրագրողներ. 57-ամյա Գիսլեն Դյուպոն ու 55-ամյա Կլոդ Վերլոն

Ինչպես հաղորդում է BBC News լրատվական գործակալությունը, նոյեմբերի 3-ին ֆրանսիացի լրագրողներ 57-ամյա Գիսլեն Դյուպոնին ու 55-ամյա Կլոդ Վերլոնին առևանգել են Քիդալում, երբ վերջիններս ավարտել էին հարցազրույցը տեղացի անջատողական տուարեգների ներկայացուցիչ, քաղաքական գործիչ Ամբեյրի ագ-Ռիսսայի հետ և դուրս էին եկել։

Քաղաքական գործիչն իր տան բակում աղմուկ է լսել լրագրողների հեռանալուց հետո, ապա շտապել է դուրս՝ պարզելու`ինչ է կատարվում։ Դրսում զինված ահաբեկիչներ են եղել, որոնք հարկադրել են ագ-Ռիսսային չմիջամտել ու տուն վերադառնալ։

Շուտով լրագրողների դիերը հայտնաբերել են անապատով անցնող ավտոճանապարհի վրա։

Նշենք, որ լրագրողներն արդեն երկրորդ անգամ էին ժամանել Քիդալ. ընթացիկ տարվա հուլիսին նրանք Մալիում էին՝ տեղական նախագահական ընտրությունների առաջին փուլը լուսաբանելու։

Ֆրանսիայի նախագահը հայտարարել է՝ սպանությունը «պարզապես զազրելի է», իսկ Մալիի իշխանությունները պատրաստակամութուն են հայտնել համագործակցել Ֆրանսիայի պատկան մարմինների հետ՝ սպանության մանրամասները վերհանելու նպատակով։

Հավելենք, որ RFI-ի լրագրողների սպանությունից հետո Մալիում 2013-ին սպանված լրագրողների ընդհանուր թիվը հասել է 42-ի։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *